...

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը մնում է ճգնաժամային

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը մնում է ճգնաժամային

Հայրենադարձություն՝ հռետորաբանություն, թե՞ մանիպուլյացիա

«Հայրենադարձության հոսք առայժմ չեմ տեսնում», - «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նա նաև նշեց, որ այժմ չկան դրա իրականացման նախադրյալները: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենադարձությունը համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկն է: Նրա պատկերացմամբ՝  հայրենադարձությունը մի քանի տեսակ կարող է լինել՝ կապիտալի հայրենադարձություն, գաղափարների հայրենադարձություն, նախագծերի հայրենադարձություն: Երեկ հայաշատ Լոս Անջելեսում Փաշինյանը կրկին անդրադարձավ հայրենադարձությանն՝ այս անգամ այլ հռետորաբանությամբ:

«Ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության մասին՝ ասելով, որ ապրել Հայաստանում՝ չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել, այլ նշանակում է նաև ապրել Հայաստանով: Ես համարում եմ, որ ձեզանից շատերը ապրում են Հայաստանում, որովհետև ապրում են Հայաստանով»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց, որ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում և քաղաքացիություն:

Ռուբեն Եգանյանը ասում է, որ այս հայտարարությունում նորություն չկա: Սփյուռքի մեծ մասը Հայաստանով է ապրում, բայց դա հայրենադարձություն չէ:

«Մարդը մեծ բարդություններով է գնում բնակավայրը, երկիրը փոխելու քայլին: Ինքն այդ բարդություններն այստեղ հաղթահարելով գնում է, մի հատ էլ դրսում այլ բարդությունների մեջ է ընկնում: Մեծ դժվարություններով իր համար քիչ թե շատ տանելի պայմաններ է ստեղծում, հիմա ասում ենք՝ այդ պայմանները թողե՛ք, հետ եկե՛ք: Ի՞նչ առաջարկ հիմա ունենք նրանց: Կկարողանա՞ այդ հետ եկածն իր կենսամակարդակը պահպանել, կամ գոնե չնվազեցնել: Ես այժմ դրա հնարավորությունը չեմ տեսնում»,- նկատեց նա:

Հիշեցրեց, որ 2000-ականների սկզբին հայրանադարձություն եղավ, բայց վերադարձածները հայտնվեցին մի վիճակում, որ քոռ ու փոշման հետ գնացին: Հիմա մտահոգվում է, թե հանկարծ նույնը չկրկնվի, մարդիկ չհուսախաբվեն: Իսկ դա երկրի վարկանիշի համար ցանկալի չէ:

Ժողովրդագիրը ներհոսքն ավելացնելուց առաջ, նախ առաջարկում է պակասեցնել արտահոսքը, քանի որ մեկնողների հոսքը դեռ շարունակվում է: Մասնագետը նկատում է, եթե երկրի զարգացումն արագ տեմպերով լինի, արտագաղթն էլ կկրճատվի, ներհոսք էլ կլինի:

«Պետք է լինեն աշխատատեղեր և ապահովեն այնպիսի վաստակ, որը թույլ կտա մարդկանց արժանապատիվ գոյատևում ունենալ սեփական երկրի վրա: Մարդիկ գնում են, քանի որ ինչ-որ ձևով այստեղի պայմաններն իրենց ապրուստի համար չեն բավարարում: Կարծում եմ՝ սա ակնհայտ փաստ է: Եթե տեղի բնակիչներին այդ պայմանները չեն բավարարում, ինչ հույսով դրսից մարդիկ գան այստեղ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ժողովրդագիրն էլ է այն համոզմանը, որ ներգաղթի լավագույն տարբերակներից մեկն այն կլինի, որ Հայաստան եկողներն այստեղ բիզնես հիմնեն: Նա, սակայն շեշտում է, որ այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ՝ շուկան փոքր է, արտահանման համար դժվարություններ կան:

Ժողովրդագրական իրավիճակը ծանր է

Իսկ ընդհանրապես, ըստ փորձագետի, Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը մնում է ճգնաժամային: Նա նշեց, որ առաջնային պետք է ժողովրդագրական խնդիրը լուծել:

«Ծնելիության նվազումը շարունակվում է, միգրացիան շարունակվում է, ամուսնությունների թիվը փոքրանում է, ամուսնալուծությունների թիվը ոչ շատ մեծ չափով, բայց միտում ունի մեծանալու: Ժողովրդագրական այս ցուցիչները դեռ դրական դինամիկա չունեն»,- շեշտեց նա:

Պետությունը նպատակ ունի մինչև 2050 թվականը բնակչության թիվը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու: Ռուբեն Եգանյանը սա իրատեսական չի համարում:

«Նման թիվ հրապարակելուց առաջ, պետք է ասել, թե ինչ ծրագրերով պետք է դա իրականացնել: Օրինակ՝ ասել, որ տնտեսությունը տարեկան ինչպիսի տեմպերով պետք է զարգանա»,- եզրափակեց Ռուբեն Եգանյանը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ