...

Հայաստանը մինչև քոքը մաշեցնողները

Հայաստանը մինչև քոքը մաշեցնողները

Բացառապես անցյալով ապրող ժողովուրդներն ի վերջո անցյալում էլ մնում են ու անցյալ դառնում։ Հայաստանում ներքաղաքական պայքարը (եթե, իհարկե, կարելի է ներքաղաքական պայքար անվանել միմյանց թուրք անվանելն ու իրար վրա թքելը) ընթանում է բացառապես անցյալի և անցյալի միջև՝ անցյալի շուրջ։ Ներկան սահմանափակվում է ընդամենը օրվա լրահոսով, իսկ ապագայի ցանկացած հիշատակում ընկալվում է որպես անցյալը մոռանալու ազգադավ կոչ ու այդպիսով՝ համարյա ազգային դավաճանություն։ Միայն մի օրինակ բերենք։ 25 տարի շարունակ մեր քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունը մերժում էր արցախյան կարգավորման ցանկացած փոխզիջումային տարբերակ՝ հաշվի առնելով ոչ թե ներկա իրողությունները կամ ապագա միտումները, այլ անցյալը (օրինակ՝ այն, որ Տիգրան Մեծի ժամանակ Ջեբրայիլը Հայաստանի կազմում էր, Ադրբեջանը 20-րդ դարում է ստեղծվել, և այլն)։ 

Ինչպե՞ս կվարվեր ցանկացած նորմալ հասարակություն, եթե հայտնվեր մեր վիճակում։ Ճիշտ է, քաղաքական ուժերից կպահանջեր ուժերը կենտրոնացնել այդ վիճակից դուրս գալու ելքեր գտնելու ուղղությամբ, այսինքն՝ կպահանջեր կենտրոնանալ ապագայի վրա։ Իսկ ինչո՞վ են զբաղված մեր քաղաքական ուժերը։ Ճիշտ է, միմյանց մեղադրում են երկիրն այս վիճակին հասցնելու մեջ, այսինքն՝ կենտրոնացել են անցյալի վրա։ Նիկոլի ատամնաթափ կողմնակիցները մոտալուտ իշխանափոխության հեռանկարից «ղզղնած» «հեղափոխական լիդերների» թալանն են երեսներով տալիս, վերջիններիս կողմնակից ջիպավոր հեղափոխականներն ու թանկանոց մակիյաժով փափկասուն տիկնայք էլ՝ Նիկոլի բերած աղետները, հազարավոր զոհերը, կորսված Արցախը, և այլն։ Ու ինչ ինքնամոռաց եռանդով են հռհռում իրար վրա։ Նիկոլականները իշխանիկների ու գեղամիկների՝ որպես «կինոյի տղա» ներկայանալու խղճուկ ջանքերն ու բերման ենթարկվող Օսիպյանի «թարսխիյարային ճակատագիրն» են ծաղրում, ռոբականներն ու սերժականները՝ պատշգամբից թքոտող տիկնոջ անհասկանալի կայտառությունն ու ամբոխի կողմից հարձակման ենթարկված «պրոիշխանական սադրիչներին»։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի ու Արցախի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, սահմանները չեն գնդակոծվում, մեզ ամեն օր նոր պատերազմով չեն սպառնում, անհանգստանալու ոչինչ չկա, ու միակ հարցն այն է, թե ով ում վրա քանի անգամ կթքի, և ինչ դիպուկությամբ։

Բնական է, որ այս իրավիճակում անցյալն առժամանակ հանգիստ թողնելու և ապագայի վրա կենտրոնանալու ցանկացած հորդոր ոչ միայն մնալու է օդում, այլև բոլոր կողմերից քարկոծվելու է։ Չէ՞ որ խոսքը պետության ապագայի մասին է, իսկ դա «հակամարտող ուժերից» որևէ մեկին չի հետաքրքրում, նրանցից յուրաքանչյուրին բացառապես իր ապագան է հետաքրքրում։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը պետության ապագայի վերաբերյալ ցանկացած հարց ի վերջո վերափոխում է իր՝ դավաճան լինել-չլինելու հարցի, ինքն իրեն փրփրում ու սկսում բոլորի վրա «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ տալ», դաշնակ Գեղամին էլ ապագայի մասին հարցնում են՝ ասում է «առաջին հերթին նախարարներին ս․․․տիր ենք անելու»։ Համաձայնվեք՝ այս մակարդակի հոգեխանգարվածների համար սեղանի շուրջ նստելու և պետական կարևորության խնդիրներ քննարկելու առաջարկը մահացու վրավորանք է։ Ի՞նչ քննարկում, ի՞նչ բան, պիտի հասցնեն իրար «մինչև քոքը» մաշեցնել, քանի դեռ «արժանապատիվ կապիտուլյացիայի» փաստաթուղթը չի ստորագրվել, որովհետև ստորագրվելուց հետո մեղավորներին պատասխանատվության ենթարկելն անխուսափելի է լինելու, ենթարկողն էլ լինելու է այն ուժը, որի օրոք կստորագրվի թուղթը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4180 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ