...

Հայաստանը՝ սուտենյորների պայքարի կիզակետում

Հայաստանը՝ սուտենյորների պայքարի կիզակետում

Հայաստանի ներքաղաքական կյանքում մի հետաքրքիր երևույթ է նկատվում։ Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հնարավոր բոլոր միջոցներով պայքարում են իրար դեմ, ամենավերջին հայհոյանքներով միմյանց մեղադրում են հնարավոր բոլոր մեղքերի մեջ, բայց ասես վերին հրամանով անմիջապես միավորվում են՝ երբ անհրաժեշտ է լինում հարձակվել Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի վրա։ Առաջին հայացքից սա իսկապես տարօրինակ է, որովհետև թվում է՝ այդ թիմը ոչ նիկոլական իշխանությունների համար է սպառնալիք, ոչ էլ բավարար ռեսուրսներ ունի ընդդիմադիր դաշտում քոչարյանասերժական ուժերին երկրորդ պլան մղելու և «հիմնական ընդդիմադիր» դառնալու համար, այսինքն՝ որևէ մեկին չի խանգարում։

Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում լավ էլ խանգարում է։ Պատճառը հասկանալու համար նախ պետք է արձանագրել, թե ինչի՞ շուրջ են, ի վերջո, վիճում նիկոլական իշխանություններն ու քոչարյանասերժական ընդդիմությունը։ Իսկ վիճում են հիմնականում երկու հարցի շուրջ։ Առաջին՝ ո՞ւմ պիտի վաճառել Հայաստանի ինքնիշխանությունը, և երկրորդ՝ ո՞վ պիտի լինի վաճառքի միջնորդն ու «տեղում» Հայաստանի սեփականատիրոջ լիազոր ներկայացուցիչը։ 

Ըստ էության սա սուտենյորների պայքար է փողոցում հայտնված «անտեր աղջկա» համար, և այդ պայքարում սուտենյորներն իրար կոկորդ են կրծում, թե ո՛վ պիտի որոշի՝ հատկապես որ հասարակաց տանը հանձնել աղջկան, ո՛վ պիտի տոկոսներ ստանա նրա «աշխատանքից», և այլն։ Ընդ որում՝ ինչ-որ պահի նույնիսկ կարող է թվալ, թե այդ պայքարում նաև գաղափարական բաղադրիչ կա։ Մեկը կարող է պնդել, թե ճիշտը «արևմտյան տիպի» հասարակաց տունն է, որովհետև այնտեղ ավելի լավ են վճարում, «աշխատողների իրավունքներն» ավելի լավ են պաշտպանված, ավելի լավ են կերակրում և այլն, մի ուրիշը կպնդի, որ «հյուսիսային տիպի» հասարակաց տունն ամեն դեպքում ավելի հոգեհարազատ է․․․ Ընդ որում՝ «բանավեճի» ողջ ընթացքում սուտենյորները հերթով օգտվում են անպաշտպան վիճակում հայտնված այդ աղջկա «անվճար ծառայություններից»։ Ու պատկերացրեք՝ ինչ-որ մեկը կողքից անընդհատ ասում է, որ հասարակաց տան հեռանկարն այդ աղջկա համար անխուսափելի չէ, նա կարող է նաև նորմալ, արժանապատիվ կյանքով ապրել։ Հասկանալի է, չէ՞, որ այդ ասողն իսկույն կդառնա բոլոր մրցակից սուտենյորների աչքի փուշը։ Առավել ևս, որ մինչ այդ աղջկան ներշնչել են, որ նա այլ տարբերակ չունի, ինքնուրույն ապրել չի կարող, և այդպես շարունակ։

Ոչ միայն ներշնչել են, այլև կոնկրետ գործերով իսկապես հասցրել այդ վիճակին։ Բոլոր այն տնտեսական ենթակառուցվածքները, որոնց շնորհիվ Հայաստանը կարող էր ոտքի կանգնել, Քոչարյանն իր իսկ վերցրած պարտքերի դիմաց հանձնել է Ռուսաստանին։ Հետո Սերժ Սարգսյանը «մի գիշերվա մեջ» իրավաբանորեն ամրագրել է դա՝ Հայաստանը մտցնելով Մաքսային միություն։ Հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի դիմաց արյունով հանձնել է այն տարածքները, որոնց մի մասի խաղաղ վերադարձի շնորհիվ կարող էինք ունենալ արժանապատիվ խաղաղություն՝ ամբողջական բուն Արցախով ու Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապով։ Այսինքն՝ այս երեքը հերթով հանձնել են այն ամենը, ինչի շնորհիվ Հայաստանը կարող էր ինքնուրույն ապրել, երկիրը հասցրել են փողոցում հայտնված «անտեր աղջկա» վիճակին ու հիմա պայքարում են նրա սուտենյորը դառնալու համար։ Իսկ պայքարը թեժ է, որովհետև կոնկրետ հասարակաց տան շուրջ դեռ վերջնական որոշում չկա։ Կարող եք չկասկածել՝ հենց որ որոշումը լինի, սրանք տոկոսների շուրջ նույնպես համաձայնության կգան։ Իհարկե՝ ձևականորեն շարունակելով «ներքաղաքական պայքար» կոչվող ներկայացումը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ