...

Հայաստանը՝ վատի և վատթարի ընտրության առջև

Հայաստանը՝ վատի և վատթարի ընտրության առջև

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կարծես թե ինչ-որ բանավոր համաձայնություններ են ձեռք բերել։ Որքան հասկացանք՝ ամեն ինչի մասին, բացի Արցախի ապագայից։ Շառլ Միշելն ընդամենը ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցը», և վերջ, իսկ այդ «ընդգծման» վերաբերյալ կողմերի արձագանքների մասին՝ ոչ մի խոսք։

Ակնհայտ է, որ իրականում երկու զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում, որոնցից մեկին Հայաստանը մասնակցում է, մյուսին՝ ոչ։ Առաջինը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, ինչը ենթադրում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանային վարչարարության հստակեցում և այլն։ Երկրորդն Արցախի ապագան է, որը «նշաձողի իջեցումից» հետո ձևակերպվում է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների հարց, և որպես այդպիսին՝ գրեթե ամբողջովին գտնվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում։ Այսինքն՝ դրա հետ ոչ Հայաստանն առանձնապես կապ ունի (սոցիալ-տնտեսական բաղադրիչը չհաշված), ոչ Եվրամիությունը։

Արդյունքում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ։ Ունենք երկու առանձին գործընթացներ (Ադրբեջանին հաջողվել է առանձնացնել դրանք), որոնցից առաջինի դեպքում Արևմուտքը մեր դաշնակիցն է, Ռուսաստանը՝ հակառակորդը, իսկ երկրորդի դեպքում՝ հակառակը․ Արևմուտքը մեր հակառակորդն է, Ռուսաստանը՝ դաշնակիցը։ 

Սկսենք առաջինից։ Արևմուտքը խիստ շահագրգռված է, որ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն ու հաստատվեն քաղաքակիրթ հարաբերություններ՝ առանց թշնամանքի և միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունների։ Որովհետև այդ դեպքում վաղ թե ուշ ռուսական ռազմաբազաները դուրս կբերվեն Հայաստանից, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ կնվազի, Հայաստանն էլ՝ Վրաստանի օրինակով, կդառնա բաց, ներդրումների համար գրավիչ և հիմնականում հակառուս երկիր։ Հենց այս հեռանկարը հաշվի առնելով էլ՝ Ռուսաստանը դեմ է հայ-ադրբեջանական ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Իսկ ահա Արցախի դեպքում հակառակն է։ Ռուսաստանին ձեռնտու է, որ Արցախում հայկական բնակչություն լինի, որովհետև դա երկարաձգում է իր խաղաղապահների ներկայությունն այնտեղ ու միաժամանակ Ադրբեջանի վրա ազդեցություն պահպանելու շատ լուրջ լծակ է։ Մինչդեռ Արևմուտքի համար էական չէ, թե ովքեր կապրեն Արցախում, նրանց համար կարևորը հետևյալ արձանագրումն է․ եթե այնտեղ ապրում են հայեր՝ այնտեղ լինում է ռուսական զորք, եթե այնտեղ ապրում են ադրբեջանցիներ՝ ռուսական զորք չի լինում։

Չարժե պատրանքներ ունենալ, թե մեզ հաջողվելու է երկու գործընթացներում էլ հաջողություն ունենալ, այսինքն՝ և՛ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց ու տևական խաղաղություն ունենալ, և՛ նույն ռուսների շնորհիվ Արցախը պահել հայկական։ Դա անհնար է, կամ մեկը պիտի ընտրենք, կամ մյուսը։ Իրականում սա չափազանց բարդ ընտրություն է, բայց դրա անհրաժեշտությունն անտեսելու և «երկուսն էլ ուզելու» դեպքում ոչ մեկը կունենանք, ոչ մյուսը, այսինքն՝ ոչ Արցախում հայեր կապրեն, ոչ էլ Հայաստանը կթոթափի «ռուսական ֆորպոստի» կարգավիճակը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   12625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ