Բում՝ չրի արտադրությունում
Չրագործության ոլորտում բում է: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Սանդրո Աբովյանը:
Նրա հեռախոսը չի լռում: Ամեն օր զանգեր է ստանում բազմաթիվ այն քաղաքացիներից, ովքեր ուզում են չորացված մրգի արտադրությամբ զբաղվել: Նրանք այս ոլորտում առաջին քայլերն են անում և փորձագետին դիմում են խորհրդատվության համար: Ստացած զանգերի քանակից Աբովյանը ենթադրում է, որ չրագործության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աճել է:
Աբովյանի խոսքով՝ Թավշյա հեղափոխությունից հետո է կտրուկ ավելացել չորացված մթերք արտադրողների թիվը: Չորանոց հիմնելու համար այլևս կարիք չկա ծանոթ-բարեկամ խառնել, պետությունն էլ սուբսիդավորված վարկեր է տրամադրում: Մի կողմից էլ, չորանոց կառուցելու համար մեծ գումարներ պետք չեն:
«Համայնք չկա, որ կառավարությանն արտադրության ծրագիր ներկայացրած չլինի: Հիմա ուր գնաք չորանոց կտեսնեք: Սա պահածոյի, գինու արտադրության նման չէ, որ ավելի շատ գումար անհրաժեշտ լինի ներդնել, օրինակ, կաթսայատուն սարքել կամ արտադրությունը կազմակերպելու համար այլ անհրաժեշտ կառուցվածքներ ստեղծել, դրա համար էլ միանգամից բում եղավ»,- բացատրում է մասնագետը:
Նա նկատում է, որ բացվող չորանոցները սոցիալական լարվածությունը թուլացնում են: Ընտանիքով սկսում են չորացված միրգ ու բանջարեղեն արտադրել, հետո էլ աշխատողների կարիք են ունենում և օրական 4000 դրամով այլ աշխատողներ են ներգրավում իրենց բիզնեսում:
«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրենի մոտավոր հաշվարկներում՝ արդեն շուրջ 25000 տոննայի չորացված պտուղ-բանջարեղենի արտադրանք ունենք: Ցուցանիշը Սանդրո Աբովյանը բարձր է համարում, բայց մատնանշում է, որ դեռ հեռու ենք հարևան երկրների չրի արտադրության ծավալներից:
«Թուրքիայում մի 80 000-100 000 տոննայի միայն ծիրան են արտադրում: Այնտեղ հարյուրավոր հեկտարներով ծիրանի ծառեր են և չիր են պատրաստում, հատկապես Մալաթիայի շրջանում աճեցնում են չորացման համար նախատեսված ծիրանի սորտեր, կամ Պարսկաստանը, որը չրի կենտրոնացված արտադրություն ունի: Առաջին պահին թվում է՝ մենք էլ չրի համար շատ ծիրան ունենք, բայց դա չորացման համար նախատեսված սորտ չէ, լավ չիր չի ստացվում: Ամբողջ ծիրանի մեջ մի 3 տոկոսը կլինի չրի համար: Մենք հումքային բազա չունենք»,- նշեց Աբովյանը:
Տանում են ու փողերը չեն տալիս
Թեև չրագործության ոլորտում աշխուժություն է, արտադրողներն ու արտադրանքը ավելացել են, նույնքան էլ խնդիրներն են շատացել: Նրանց առջև ծառացած թիվ մեկ խնդիրն արտադրանքի իրացումն է:
«Մենք կարող ենք ավելի շատ արտադրել, բայց չենք անում, ինչո՞ւ, որովհետև իրացման խնդիր կա: Մեզ մոտ շուկան տարերային է: Օրինակ՝ Թուրքիայում ասոցիացիաներ կան, որոնք մեծ թվով չիր են ընդունում՝ պահեստավորում են, վերամշակում և նոր իրացնում: Մեզ մոտ այդպիսի բաներ չկան՝ ով ոնց կարողացավ վաճառում է: Ինչքան կարողանում են վաճառել, էդքան էլ արտադրում են, շատերն այդպես են անում»,- ասաց նա:
Իսկ ով ինչպես կարողանում է վաճառելու դեպքում այսպիսի պատկեր է ստացվում . «Միջնորդները չիրը վերցնում են, տանում են ՌԴ: Մեկը գալիս է տանում, փողը չի տալիս, լրիվ պատմությունների մեջ են: Նիսյայով տանում են, հետո ասում են՝ չվաճառվեց, փողերը չեն տալիս: Դեպք է եղել, որ այդ միջնորդներն էլ հետ չեն եկել, արտադրողը փողը չի կարողանում վերցնել»,- պատմեց Սանդրո Աբովյանը:
Ըստ Աբովյանի՝ շատերն արտադրանքի վաճառքի խնդիր չունենալու համար որակի հետևից չեն ընկնում:
«Եթե չիրը պետք է Մալաթիայի շուկայում վաճառի, ծծումբ է տալիս, որ դեղին լինի, առանց մտածելու, որ ծծմբից մարդիկ կարող են թունավորվել»,- մտահոգվեց նա:
Իսկ դրսի շուկայում հայկական չորացված միրգը գնային պահանջով մրցունակ չէ: Սանդրո Աբովյանն ասում է, որ պատճառը թանկ հումքն է:
«Որակապես լավ ենք: Մեզ մոտ հումքը շատ թանկ է: Բերքը քիչ է և թանկ: Այս տարի դեղձը 300 դրամից ավել են արտադրողները գնել»,- մատնանշեց նա:
Անհրաժեշտ քայլեր
Հայաստանում չրագործությունը զարգացնելու համար, ըստ Աբովյանի, կառավարությունը պետք է ռազմավարություն մշակի: Պետք է զարգացնել գյուղացիական տնտեսությունները՝ մասնավորապես չրի համար առավել բարենպաստ սորտերի մշակման ուղղությամբ: Բացի այդ, մասնագետի կարծիքով, պետք է կենտրոնացված բազա ստեղծել, որտեղ կհավաքվի արտադրած չորացված մթերքը, կտեսակավորվի և կիրացվի:
Մանյա Պողոսյան