...

«Հեղափոխական եռանդի» կործանարար ուժը

«Հեղափոխական եռանդի» կործանարար ուժը

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն ամփոփել է 2022 թվականն ու հայտարարել, թե անցնող տարում ոչ մի համակարգում ձախողում չի եղել։ 

Պատկերացնո՞ւմ եք՝ «խաղաղության օրակարգը» հիմնովին տապալվել է, սեպտեմբերի 13-ին ենթարկվել ենք ագրեսիայի ու 3 օրում ունեցել մոտ 250 զոհ, կորցրել 150 քառակուսի կիլոմետր տարածք, Արցախը 20 օր շարունակ լիակատար շրջափակման մեջ է, բանակցությունների «բրյուսելյան հարթակը» փակվել է, Մոսկվան բացահայտորեն ծաղրում է մեզ, Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով, իսկ Նիկոլ Փաշինյանը հավաքում է իր պատգամավորներին ու նախարարներին և տոնածառի ֆոնին հպարտ կեցվածքով հայտարարում, թե բա գիտե՞ք, տարին ամփոփելու բազմաթիվ մեթոդներ կան, բայց եթե «մեզ հայտնի կամ մինչև այժմ ամփոփված դիտանկյունները մի կողմ թողնենք»՝ ամեն ինչ լավ է։ Դե իհարկե, չէ՞ որ կարևորը դիտանկյունն է։ Պատկերացրեք՝ հիվանդանոցում հիվանդների կեսը մահացել է, մյուս կեսը մահամերձ վիճակում է, հիվանդասենյակներն ավերված են, սարքավորումները չեն աշխատում, դեղորայք չկա, և հանկարծ գլխավոր բժիշկը ելույթ է ունենում ու ասում «տարին աննախադեպ հաջող էր, որովհետև երրորդ հարկի միջանցքի ծայրի էն երկու շտեպսելները փոխել ենք»։ Սխալ բան չի ասում, ընդամենը տարին ամփոփում է «շտեպսելների բարեփոխման դիտանկյունից»։ 

Այն, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն ծաղրում է մարդկանց, հասկանալի է։ Ինչո՞ւ չպիտի ծաղրի, եթե շուրջը՝ 100 մետր շառավղով, «ուսապարկերից» բացի որևէ մեկը չկա (իսկ նրանք ցանկացած անհեթեթություն երջանիկ ծափահարություններով են ընդունում), դրսից էլ անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահները։ Բայց ծաղրելը դեռ ոչինչ․ դե հիմա երկրից դուրս իրեն են ծաղրում՝ ինքն էլ «տեղը հանում է» սեփական ժողովրդին ծաղրելով։ Շատ ավելի լուրջ պրոբլեմ է այն, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ամեն ինչ ճիշտ է արել, և բացահայտորեն սպառնում է շարունակել նույն ոգով։ Հենց այդպես էլ ասում է․ «2018 թվականից մենք շատ ավելորդ համեստություն ենք ցուցաբերել․․․ այնտեղ, որտեղ մենք չենք մտել, այնտեղ, որտեղ թողել ենք ստերիլ, ասել ենք՝ այդ համակարգը պետք է որ կայացած լինի, այդտեղ մենք ունեցել ենք ամենամեծ ձախողումները․․․ և հակառակը՝ այնտեղ, որտեղ հեղափոխական եռանդով մտել ենք՝ մի տեղ իմացությամբ, մի տեղ ինտուիցիայով, բոլոր այդ տեղերում ունեցել ենք կոնկրետ հաջողություններ»։

Իրականում, իհարկե, ճիշտ հակառակն է եղել։ Այս իշխանությունները «հեղափոխական եռանդով» և «ինտուիցիայով» ինչին ձեռք են տվել՝ հիմնովին ավերել են․ անվտանգային համակարգ (Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ անիմաստ թշնամանալը), արտաքին քաղաքականություն (միայն Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելն ինչ ասես արժեր), ղարաբաղյան խնդիր (ամեն ինչ սեփական կետից սկսելու արկածախնդրությունը), ուժային կառույցներ (հեղափոխական պարեկներ, սատանա փնտրող ԱԱԾ, առանց հրթիռների ինքնաթիռներ ու բոլ-բոլ ելակ), տնտեսություն (միայն գնաճը հերիք է), քաղաքական կյանք (խորհրդարանի կազմն ու «արտախորհրդարանական ուժերի» ֆորմատը վկա), լրատվական դաշտ (միայն «ֆեյքերի պոակն» ու տարբեր տիպի «պերֆեկտ թի-վի»-ները հերիք են)․․․ Բայց՝ չէ։ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ քանդելու (իր տերմինաբանությամբ՝ «բարեփոխելու») բաներ դեռ մնացել են, հեղափոխական եռանդն էլ դեռ չի սպառվել։

Իսկ դա նշանակում է, որ 2023 թվականը կարող է շատ ավելի ծանր լինել։

Հ․ Գ․ «Հեղափոխական եռանդի» կործանարար էությունը լավագույնս երևում է «Ինտերնացիոնալի» հայտնի տողերում՝ «Այս հին աշխարհը կքանդենք մենք մինչև հիմքերը, և հետո․․․»։ Նիկոլ Փաշինյանի դեպքում «մինչև հիմքերը քանդելը» երևում է, «հետո»-ն՝ ոչ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ