...

Հեշտ ու համեղ. Ալպիական տոլմա

Հեշտ ու համեղ. Ալպիական տոլմա

Ուտեստն ալպիական տոլմա անվանումն է ստացել, քանի որ այն շատ է հիշեցնում սովորական կաղամբով տոլման: Միայն թե իտալական այս ուտեստը պատրաստվում է ոչ թե սովորական, այլ սավոյական կաղամբից, որը փաթաթելն ավելի հեշտ է: Այս տոլման նաև հետաքրքիր միջուկ ունի. ավանդական մսի խճողակի փոխարեն այստեղ խոզի լյարդ ու թոք է օգտագործվում: Իսկ մսի յուղոտ համը կոտրելու համար խնձոր ու խաղող են ավելացնում:

Բաղադրիչները

4 բաժնի համար

  • 200 գ խոզի լյարդ
  • 200 գ խոզի թոք
  • 2 միջին չափի քաղցր-թթու խնձոր
  • սավոյական կաղամբի 8 տերև
  • 2 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • սպիտակ խաղողի 8 խոշոր հատիկ
  • 300 գ մաքրած-կտրտած լոլիկ՝ սեփական հյութի մեջ
  • փոքր փունջ մաղադանոս
  • 1/2 լ կարմիր չոր գինի
  • ձիթապտղի ձեթ
  • փոքր պտղունց մշկընկույզ (мускатный орех) 
  • փոքր պտղունց դարչին
  • 3-4 մեխակի հատիկ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբի տերևները 3-4 րոպե խաշեք մեծ քանակի աղաջրի մեջ, մինչև փափկի, ապա հանեք, փռեք կտորի վրա, թող հովանան:
  2. Մեխակի հատիկները ճզմեք, խառնեք մշկընկույզի և դարչինի հետ: Խնձորները կլպեք ու մաքրեք սերմերից: Խոզի լյարդն ու խնձորները կտրատեք միջին չափի քառակուսիների ձևով: Խոզի թոքը շատ մանր կտրատեք: Ավելացրեք աղը, պղպեղն ու մյուս աղացած համեմունքները:
  3. Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատեք, 2 ճ.գ. ձեթի մեջ միջին կրակի վրա 1 րոպե տապակեք: Ավելացրեք թոքին ու լյարդին: Սոխը մանր կտրատեք, 1 ճ.գ. ձիթապտղի ձեթի մեջ 5 րոպե տապակեք:
  4. Լյարդի ու թոքի խառնուրդը լցրեք կաղամբի տերևի վրա, խաղողի 1 հատիկ ավելացրեք: Փաթաթեք տոլման: Կրկնեք նույնը մյուս տերևների դեպքում: 2 ճ.գ. ձեթ լցրեք տապակի մեջ, տոլմայի յուրաքանչյուր կողմը 2-ական րոպե տապակեք: Ավելացրեք տապակած սոխն ու լոլիկը: Վրան գինի լցրեք: Տապակը փայլաթիթեղով ծածկեք և 20 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Խորհուրդ: Ալպիական տոլման սովորաբար մատուցում են խաշած կարտոֆիլի հետ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ