Այս թեթև բրնձով աղցանը պատրաստում են միջերկրածովյան բոլոր երկրներում: Ամեն տարածաշրջան նրա բաղադրատոմսում մի նոր, համեղ մասնիկ է մտցնում:
Այսպես, Չեռնոգորիայում այս աղցանի բաղադրության մեջ անպայման ձիթապտուղ ու պանիր է մտնում: Ներկայացնում ենք աղցանի հենց չեռնոգորյան տարբերակը:
Բաղադրիչները
- 1 բաժակ երկար բրինձ
- 150 գրամ պանիր
- 150 գրամ ձիթապտուղ
- 1 մեծ խնձոր
- 1 ոչ մեծ քաղցր սոխ
- 3 ճ.գ. գինու քացախ
- կիտրոնի հյութ
- ձիթապտղի յուղ, աղ
Պատրաստման եղանակը
- Բրինձը սառը ջրով լավ լվացեք, քամեք, լցրեք կաթսայի մեջ, վրան 1-2 ճ.գ. ձիթապտղի յուղ լցրեք, աղ արեք, խառնեք: Ապա 1,5 բաժակ եռացրած ջուր լցրեք վրան, կրկին խառնեք, կափարիչը դրեք: Ուժեղ կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, թուլացրեք կրակը, եփեք 12 րոպե:
- Կաթսան վերցրեք կրակի վրայից, շալով փաթաթեք, թողեք 15-20 րոպե: Հետո բացեք կափարիչը, քամեք բրինձը, թողեք լավ սառչի:
- Խնձորը մաքրեք կեղևից, քառակուսի ձևով կտրատեք: Խնձորի կտորների վրա կիտրոնի հյութ ցանեք, որպեսզի չսևանան: Սոխը մանր կտրատեք:
- Ձիթապտուղը օղակաձև կտրատեք: Պանիրը կտրատեք փոքր քառակուսիների ձևով:
- Խառնեք բրինձը, ձիթապտուղները, խնձորները, պանիրն ու սոխը: Աղ արեք, ավելացրեք 3-4 ճ.գ. ձիթապտղի յուղն ու քացախը: Աղցանը մոտ 15 րոպեով տեղադրեք սառնարանում, ապա մատուցեք:
Խորհուրդ: Որպեսզի աղցանն ավելի նրբահամ լինի, քացախը կարող եք փոխարինել կիտրոնի հյութով: