Իտալական Ումբրիայի բնակիչները ծաղկակաղամբ շատ են սիրում: Բայց ծաղկակաղամբից տերևներ են մնում, որոնք թափել խնայող ումբրիացիներն ամենևին չեն ցանկանում: Հենց այսպիսի խնայողության շնորհիվ էլ ծնվել է այս հաճելի բույրով ապուրը:
Համարվում է, որ ծաղկակաղամբի եփած տերևները լավ ազդեցություն են թողնում ստամոքսի վրա, մաքրում են աղիները, բացի այդ օրգանիզմը հարստացնում են վիտամիններով ու բջջանյութով: Այնպես որ՝ առողջ սննդակարգի սիրահարներին նույնպես ապուրը շատ դուր կգա:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 400 գ տերև ծաղկակաղամբի պոչի հատվածից
- 4 մեծ կտոր սպիտակ հաց
- 2 պճեղ սխտոր
- 6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ
- քերած պարմեզան՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Ծաղկակաղամբի տերևները խոշոր կտրատեք: Միջին ուժգնության կրակի վրա 15-20 րոպե 1 լիտր աղաջրի մեջ եռացրեք դրանք, մինչև փափկելը: Տերևները հանեք, թողեք՝ քամվեն, իսկ ջուրը պահեք տաք վիճակում:
- Սխտորը մաքրեք, դանակի բութ ծայրով ճզմեք: 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք թավայի մեջ, ավելացրեք սխտորը, 1 րոպե տապակեք: Ավելացրեք ծաղկակաղամբի տերևները ու խառնելով 5 րոպե տապակեք:
- Հացը մնացած ձեթի մեջ տապակեք երկու կողմից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Յուրաքանչյուր ափսեի մեջ տեղադրեք 1-ական կտոր տապակած հաց, վրան լցրեք ծաղկակաղամբի տապակած տերևները, ապա ջրից, որի մեջ եփել եք դրանք:
- Ապուրը մատուցեք տաք վիճակում՝ վրան ըստ ճաշակի քերած պարմեզան լցնելով:
Խորհուրդ: Ծաղկակաղամբի տերևների հետ մեկտեղ կարող եք նաև հազարի տերևներ օգտագործել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020