...

Հեշտ ու համեղ. Չեվապչիչի՝ այվար սոուսով

Հեշտ ու համեղ. Չեվապչիչի՝ այվար սոուսով

Չնայած նրան, որ նախկին Հարավսլավիան բաժանվել է 8 անկախ պետությունների, նրանց միջև շատ ընդհանուր բան է մնացել. մշակույթն ու ավանդույթները մի քանի տարվա ընթացքում չէին կարող փոխվել: Խոսքը նաև խոհանոցի մասին է. օրինակ, չեվապչիչի այստեղ պատրաստում են ամենուր: Պարզապես Բոսնիայում խոզի միսը փոխարինում են տավարի կամ ոչխարի մսով:

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 1 օր առաջ:

Բաղադրիչները

  • 1 կգ մսի խճողակ (տավարի, խոզի կամ ոչխարի, կարելի է նաև դրանց խառնուրդը)
  • 2 մեծ գլուխ սոխ
  • աղացած պապրիկա
  • կծու կարմիր պղպեղի փշուրներ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • գազավորված ջուր
  • ձիթապտղի ձեթ

Այվար սոուսի համար

  • 6 միջին չափի շատ հասած լոլիկ
  • 4 մսոտ, մեծ կարմիր տաքդեղ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. կիտրոնի հյութ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խճողակը համեմեք աղով և պղպեղների 3 տեսակներով՝ պապրիկայով, կարմիր պղպեղի փշուրներով ու աղացած սև պղպեղով: Ավելացրեք 1 բաժակ գազավորված ջուրը: 10 րոպե լավ խառնեք: Արդյունքում խճողակը պետք է մի փոքր ջրիկ ստացվի:
  2. Խճողակը լցրեք թասի մեջ, սեղմեք, որպեսզի օդը դուրս գա, վրան ձիթապտղի ձեթ քսեք: Թասն ամուր փակեք, 24 կամ 48 ժամով տեղադրեք սառնարանում:
  3. Պատրաստեք այվար սոուսը: Լոլիկներն ու կարմիր տաքդեղները տեղադրեք ֆոլգայով պատված տապակի վրա, դրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Տաքդեղները տապակեք 10-15 րոպե, մինչև շագանակագույն երանգ ստանալը, իսկ լոլիկները՝ 20-30 րոպե, մինչև փափկեն:
  4. Ջեռոցից հանելուց հետո տաքդեղները դրեք պոլիէթիլենային փաթեթների մեջ, թողեք 10 րոպե: Պատրաստի լոլիկները թողեք, թող հովանան: Տաքդեղներն ու լոլիկները մաքրեք կեղևից ու մանր կտրատեք:
  5. Սոուսի համար նախատեսված սոխը մաքրեք, օղակաձև կտրատեք: Սխտորը մաքրեք ու ճզմեք: Թավայի մեջ մի փոքր ձեթ լցրեք, դրեք կրակին, ավելացրեք սոխն ու սխտորը, տապակեք, մինչև փափկելը՝ 5-7 րոպե: Ավելացրեք կտրտած լոլիկներն ու տաքդեղը, կիտրոնի հյութը, աղ ու պղպեղ արեք:
  6. Սառնարանից հանեք խճողակը, մինչև պատրաստելը 30 րոպե թողեք դրսում: 2 մեծ գլուխ սոխը տախտակի վրա մանր կտրատեք, խճողակը լցրեք սոխի վրա, լավ խառնեք:
  7. Ձեռքերը պարբերաբար տաք ջրի մեջ մտցնելով՝ խճողակից երշիկներ սարքեք՝ 7-8 սմ երկարությամբ և 2 սմ հաստությամբ, ցանկության դեպքում պատեք ձեթով: Չեվապչիչին տապակեք գրիլի կամ տաքացրած թավայի մեջ, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  8. Պատրաստի չեվապչիչին մատուցեք այվար սոուսի հետ: Չեվապչիչին կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Խորհուրդ: Չեվապչիչիի հետ սովորաբար կարտոֆիլ-ֆրի և կիտրոնի հյութով, ձիթապտղի ձեթով ու կարմիր պղպեղով համեմված մանր կտրտած սոխ են մատուցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2008 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ