Բոլորին են հայտնի կարտոֆիլից խմորագնդիկները կամ նյոկկիները: Բայց նախքան կարտոֆիլի՝ Եվրոպայում տարածվելը, Իտալիայում արդեն պատրաստում էին նյոկկի, սակայն այլ մթերքներից:
Իտալական վերածննդի շրջանում հայտնի ու սիրված էին այսպես ասած «ձանձարելիները»՝ հացից, ձվից ու կաթից խմորագնդիկները: Ուտեստին գեղեցիկ տեսք հաղորդելու համար դրանք հաճախ գունավորում էին՝ կանաչները պատրաստում էին սպանախ, դեղինները՝ դդում, վարդագույնները՝ բազուկ ավելացնելով:
Հետագայում խմորագնդիկների բաղադրատոմսերն ավելի բազմազան են դարձել: Աստիճանաբար Լոմբարդիայում ավանդույթ է ձևավորվել՝ նյոկկին կերել են շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին: Իսկ ահա դդումը Լոմբարդիայում այս ուտեստը պատրաստելու ամենասիրելի բաղադրիչն է:
Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 9-11 ժամ առաջ:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 1,2 կգ դդում
- 200 գ ալյուր
- 2 ձու
- 8 ճ.գ. քերած պարմեզան
- 100 գ կարագ
- 1 կիտրոնի կեղև
- 6-7 եղեսպակի (шалфей) տերև
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդումի կեղևն ու միջուկը հեռացրեք, պտղամիսը խոշոր քառակուսիների ձևով կտրատեք, լցրեք եռացող աղաջրի մեջ և եփեք մինչև փափկելը՝ մոտ 10-15 րոպե: Քամիչի մեջ լցրեք, քամվելուց հետո տրորեք, պյուրեի վերածեք:
- Տրորած դդումին ավելացրեք ալյուրը, ձվերը, աղն ու պղպեղը: Խմորը խառնեք փայտից գդալով մինչև այն համասեռ դառնա: Խմորը ծածկեք սրբիչով և 8-10 ժամ թողեք սառնարանում:
- 3 լիտր ջուր եռացրեք, աղ արեք: Թեյի գդալով փոքր բաժին խմոր վերցրեք, մեկ ուրիշ գդալով գնդի ձև տվեք ու գցեք եռացող ջրի մեջ: Երբ խմորագնդիկները վերև բարձրանան, ցանցով հանեք ջրից ու լցրեք խորը ափսեի մեջ:
- Կարագը թույլ կրակի վրա հալեցրեք, ավելացրեք կիտրոնի մանր կտրտած կեղևն ու եղեսպակի տերևները, 1 րոպե տապակեք թույլ կրակի վրա, լցրեք պատրաստի խմորագնդիկների վրա: Լցրեք նաև քերած պարմեզանը: Միանգամից մատուցեք:
Խորհուրդ: Խմորագնդիկները ավելի քաղցր ստանալու համար խմորին կարող եք 50 գ թխվածքաբլիթի փշուրներ ավելացնել: Իսկ եթե հակառակը՝ ավելի սուր համ եք նախընտրում, ապա պարմեզան պանրի հետ միասին վերջում գորգոնզոլա պանիր ավելացրեք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020