...

Հեշտ ու համեղ. Կծու սպիտակ լոբի

Հեշտ ու համեղ. Կծու սպիտակ լոբի

Լոբին մալթյան ռեստորանների ավանդական նախուտեստն է: Այն պատրաստում են կծու կամ ոչ կծու, երբեմն համեմում են զիրայով, երբեմն էլ բավարարվում են դասական ձեթ-աղ-պղպեղ համադրությամբ: Լոբուց երբեմն թանձր սոուսներ են պատրաստում և մատուցում տապակած հացի հետ: Մի խոսքով՝ լոբին անպայման պետք է առկա լինի յուրաքանչյուր սեղանին:

Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 14-18 ժամ առաջ:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 400 գ սպիտակ լոբի
  • 1 պճեղ սխտոր
  • 1 չորացրած չիլի պղպեղ
  • 3-4 ճյուղ մաղադանոս
  • 2 ճ. գ. գինու քացախ
  • 4 ճ. գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Լոբին 12 ժամով թրջեք մեծ քանակության սառը ջրի մեջ:
  2. Լոբին լվացեք, վրան թարմ սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի ու եփեք մինչև փափկելը՝ մոտ 1 ժամ: Աղ մի արեք:
  3. Լոբին քամեք, լցրեք թասի մեջ, 2 ճ. գ. ձիթապտղի ձեթ լցրեք վրան, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  4. Պատրաստեք համեմունքը: Մանր կտրատեք մաղադանոսը: Ճզմեք, մաքրեք ու կտրտեք սխտորը: Մանր փշրեք չորացրած չիլի պղպեղը:
  5. Մնացած 2 ճ. գ. ձիթապտղի ձեթը խառնեք քացախի, մաղադանոսի, սխտորի, չիլի պղպեղի և աղի հետ: Ստացված խառնուրդը լցրեք տաք լոբու վրա և խառնեք: 
  6. Կարող եք միանգամից տաք վիճակում մատուցել, կարող եք նաև 2-4 ժամ թողնել հովանա և նոր միայն մատուցել:

Խորհուրդ: Լոբին կարող եք մատուցել ոչ միայն որպես նախուտեստ, այլև որպես խավարտ՝ մսով ուտեստների հետ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ