...

Հեշտ ու համեղ. Սիսեռով ապուր

Հեշտ ու համեղ. Սիսեռով ապուր

Սիսեռը պատկանում է հատիկավորների դասին և հնագույն մշակաբույսերից մեկն է: Ասում են՝ Մերձավոր Արևելքում նրան ծանոթ են եղել համարյա 8 հազար տարի առաջ: Ներկայումս սիսեռը տարածված է Միջերկրածովյան բոլոր երկրներում, նրանից սոուսներ, նախաճաշիկներ և նույնիսկ ալյուր են պատրաստում: Իսկ Սիրայում սիրում են սիսեռից պատրաստված թանձրապուրը, որն էլ կներկայացնենք ստորև:

Ապուրն սկսեք պատրաստել մատուցելուց 1 օր առաջ:

Բաղադրիչները
6-8 բաժնի համար

  • 500 գրամ սիսեռ
  • 2 խոշոր գլուխ սոխ
  • 1,5 լ ջուր
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ, 
  • աղացած կարմիր կծու պղպեղ՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Սիսեռի վրա մեծ քանակության ջուր լցրեք և 24 ժամ թողեք:
  2. Այնուհետև սիսեռը հոսող ջրի տակ լվացեք, հեռացրեք բարակ կեղևը (կարող եք նաև թողնել այն):
  3. Սիսեռի վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, եռացրեք, թույլ կրակի վրա եփեք մինչև փափկելը՝ մոտ 1,5 ժամ: Աղ մի արեք:
  4. Սոխը մանր կտրատեք: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, լցեք սոխը, հաճախակի խառնելով՝ թույլ կրակի վրա տապակեք մինչև թափանցիկ դառնալը՝ մոտ 10 րոպե:
  5. Պատրաստի սիսեռի վրա լցրեք տապակած սոխը, աղ ու պղպեղ արեք, ևս 15-20 րոպե եփեք:
  6. Ապուրը մատուցեք՝ այն լցնելով մի փոքր ձիթապտղի ձեթ լցրած ափսեների մեջ և վրան աղացած կարմիր կծու պղպեղ ցանեք (ըստ ցանկության):

Խորհուրդ: Խուսափեք ապուրը պահածոյացված սիսեռով եփելուց, այն համեղ չի ստացվի: Մատուցելիս ապուրին կարող եք սխտոր ու չորահաց ավելացնել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ