...

Հեշտ ու համեղ. Կրոստատա՝ բալով

Հեշտ ու համեղ. Կրոստատա՝ բալով

Բալով կրոստատայի (բաց կարկանդակ) բաղադրատոմսը տիպիկ հռոմեական է համարվում, իսկ իրականում այն հրեական խոհանոցի աղանդեր է: Հռոմում վաղեմի ժամանակներից հրեական համայնք է եղել: Սկզբում հրեաներն ապրում էին քաղաքի ողջ տարածքում, բայց 16-րդ դարում Հռոմի պապը քաղաքի բոլոր հրեաներին վերաբնակեցնում է Մարցելլա թատրոնին կից գետտոյում: Գետտոյի պարիսպները փակ էին մինչև 1870 թվականը: 

Ժամանակին այս կարկանդակը կարելի էր Հռոմում ամենուր գնել, իսկ հիմա այն վաճառվում է հրեական թաղամասի քաղցրավենիքի միայն որոշ խանութներում: 

Չնայած այժմ բաղադրատոմսին ծանոթանալով, այն ինքներդ էլ կարող եք պատրաստել արդեն ձեր տանը: 

Բաղադրիչները

  • 450 գ բալ
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • մի պտղունց աղացած դարչին

Խմորի համար

  • 300 գ ալյուր
  • 2/3 բաժակ շաքարավազ
  • 100 գ կարագ
  • 1 ձու
  • 1 ձվի դեղնուց
  • 1 կիտրոնի հյութ
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրից, շաքարավազից, փափկեցրած կարագից, ձիթապտղի ձեթից, ձվից ու ձվի դեղնուցի կեսից, կիտրոնի հյութից ու մի փոքր աղից խմոր հունցեք: Խմորն արագ հունցեք, ապա փաթաթեք ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
  2. Բալի կորիզները հեռացրեք, պտուղները տեղադրեք խորը թավայի մեջ, ավելացրեք շաքարն ու թույլ կրակի վրա եփեք, մինչև մուրաբայի տեսք ստանալը՝ մոտ 15-20 րոպե: Թողեք՝ մի փոքր հովանա:
  3. Տապակը պատեք կարագով ու վրան ալյուր ցանեք: Բացեք խմորի 2/3-րդն ու փռեք տապակի հատակին, վրան պատառաքաղով անցքեր արեք: Բացված խմորի վրա լցրեք բալային միջուկը ու տարածեք խմորի ողջ մակերեսին:
  4. Մնացած խմորից շերտեր արեք ու դրանք տեղադրեք բալային միջուկի վրա՝ ցանցի տեսք տալով: Դեղնուցի մնացած կեսը խառնեք 2 ճ.գ. ջրի հետ ու այդ խառնուրդը քսեք կարկանդակին: Կարկանդակը 40-50 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում: Պատրաստի կարկանդակը դրեք սկուտեղի վրա, թողեք լրիվ հովանա (մոտ 1 ժամ) ու մատուցեք:

Խորհուրդ: Եթե ձեռքի տակ միայն սառեցրած բալ կա, կարող եք կարկանդակը նաև նրանով պատրաստել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ