Սոխ, որը կարելի է ուտել խնձորի նման, իսկապես գոյություն ունի: Այդպիսին աճեցնում են իտալական Տրոպեա կոմունայում: Կղզու բնակիչները կարմիր սոխ աճեցրել են դարերով և վաճառել ողջ երկրով մեկ: Նրանք այդ սոխից նույնիսկ մուրաբա ու պաղպաղակ են պատրաստում: Ստորև ներկայացվող աղանդերը հնում «փրփուր» են անվանել, իսկ հիմա մենք այն ավելի շուտ մուս կամ ժելե կանվանեինք:
Աղանդերն սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 1 կգ շատ հասած լոլիկ
- 1/3 բաժակ շաքարավազ
- 1 փաթեթ կամ 10 գ ժելատին
- 250 մլ յուղոտ սերուցք
- 2 խոշոր, քաղցր կարմիր սոխ
- 1 թարմ, կարմիր, կծու պղպեղ չիլի
- աղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը խոշոր կտորներով կտրատեք: Կեղևը, սերմերը մաքրեք: Լոլիկները տեղադրեք տապակի վրա, վրաները աղ և 2 ճ.գ. շաքարավազ արեք: Տապակը 10 րոպեով տեղադրեք 190 աստիճան տաքության ջեռոցում: Երբ լոլիկները փափկեն, հանեք ջեռոցից, բլենդերի մեջ հարեք ու պյուրե սարքեք: Թողեք, լրիվ հովանա:
- Ժելատինը 10 րոպեով թրջեք 1/3 բաժակ սառը ջրի մեջ: Ապա քամեք ու լուծեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Թողեք, մի փոքր հովանա:
- Սառը սերուցքը հարեք, ավելացրեք լուծված ժելատինը և լոլիկի պյուրեն: Լավ խառնեք, խառնուրդը լցրեք ֆորմայի մեջ և 2 ժամով տեղադրեք սառնարանում:
- Սոխը փետրաձև կտրատեք, լցրեք հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացրեք մնացած շաքարավազը: Չիլի պղպեղի սերմերը հեռացրեք ու պղպեղն ամբողջությամբ ավելացրեք սոխին: Կոնֆիտյուրը եփեք թույլ կրակի վրա, մինչև ժելեանման զանգված ստանալը, մոտ 30 րոպե:
- Մատուցելու համար լոլիկի «մուսից» գդալի օգնությամբ գնդիկներ արեք, վրան լցրեք սոխի կոնֆիտյուրը:
Խորհուրդ: Հնում, երբ ժելատին չի եղել, տեղաբնակներն այս աղանդերի մեջ կարտոֆիլի օսլա են օգտագործել: Եթե ուզում եք աղանդերն այս եղանակով պատրաստել, ապա 2-րդ քայլի ժամանակ 1/2 բաժակ ջուրը եռացրեք, ավելացրեք 1 ճ.գ. օսլան և լավ խառնեք: Մնացածը՝ հետևեք բաղադրատոմսին:
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020