...

Հեշտ ու համեղ. Մրգային կարկանդակ՝ իտալական ձևով

Հեշտ ու համեղ. Մրգային կարկանդակ՝ իտալական ձևով

Առաջարկում ենք պատրաստել խնձորով ու տանձով իտալական այս կարկանդակը:

Բաղադրիչները

  • 2 մեծ տանձ
  • 2 միջին չափի քաղցր-թթու խնձոր
  • 2/3 բաժակ շաքարավազ
  • 1/2 բաժակ կաթ
  • 4 ձու
  • 4 չոր թխվածքաբլիթ
  • 1/3 բաժակ ալյուր ու մի փոքր էլ տապակին ցանելու համար
  • 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
  • 1 փոքր բաժակ ռոմ
  • մի պտղունց աղացած դարչին
  • կարագ տապակին քսելու համար

Պատրաստման եղանակը

  1. Խնձորն ու տանձը կլպեք, մաքրեք սերմերից, պտղամիսը կտրտեք: Կտրտած միրգը լցրեք պնակի մեջ, վրան լցրեք ռոմը և 1/2 բաժակ շաքարավազը: Պնակը ծածկեք, թողեք 1 ժամ: Թխվածքաբլիթները փշրեք:
  2. Մեկ այլ պնակի մեջ ձուն հարեք մնացած շաքարավազի հետ, ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը, փշրած թխվածքաբլիթը, աղացած դարչինն ու կաթը: Խառնեք, մինչև միատարր զանգված ստանաք: Հետո զգուշորեն խառնեք տանձի ու խնձորի հետ:
  3. Շրջանաձև տապակը պատեք կարագով, վրան ալյուր ցանեք: Ստացված խառնուրդը լցրեք տապակի մեջ: Տապակը 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  4. Երբ կարկանդակը պատրաստ լինի, տեղադրեք այն սկուտեղի վրա: Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Խորհուրդ: Այս կարկանդակի համար խնձոր ու տանձ ընտրելիս նախապատվությունը տվեք հասած, բայց պինդ մրգերին: Քանի դեռ խնձորն ու տանձը ռոմի մեջ են, դրանք կարող են մգանալ: Եթե դա ձեզ դուր չի գալիս, կարող եք մինչև ռոմի մեջ մտցնելը կիտրոնի հյութով ցողել մրգերը: Այս դեպքում շաքարի քանակն էլ պետք է ավելացնել 1 ճաշի գդալով: Կարկանդակը պատրաստելիս աշխատեք սեզոնային մրգեր օգտագործել: Խնձորն ու տանձը կարող եք սալորով ու դեղձով փոխարինել: Շատ հետաքրքիր է նաև դդումի և մրգերի համադրությունը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ