...

Հեշտ ու համեղ. Մսագնդիկներ՝ տոմատի սոուսի մեջ

Հեշտ ու համեղ. Մսագնդիկներ՝ տոմատի սոուսի մեջ

Կա՞ աշխարհում մեկը, որը չի սիրում մսագնդիկներ. կարծում ենք՝ ոչ: Իտալացիներն էլ բացառություն չեն. այս ուտեստից մանկության, տնական խոհանոցի բույր է գալիս, ինչը հիմա նորաձև արտահայտությամբ comfort food են անվանում: Իսկ այս կախարդական ուտեստը բավական հեշտ է պատրաստվում:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 600 գ մսի խճողակի խառնուրդ՝ ձեր ճաշակով (տավարի, հավի, հնդուհավի, գառան ու խոզի)
  • 2 ձու
  • 200 գ չորահաց՝ առանց կեղևի
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 լիտր տրորած լոլիկ (տոմատի պյուրե)
  • 100 մլ կաթ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ մաղադանոս
  • 1 կույտ քերած պարմեզան պանիր
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Չորահացը փշրեք, կաթը լցրեք վրան, 10 րոպե թողեք կաթի մեջ:
  2. Դանակի կոթով ճզմեք, մաքրեք, ապա մանրացրեք սխտորը: Մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները մանր կտրատեք:
  3. Խառնեք մսի խճողակը, ձվերը, մանրացրած սխտորն ու մաղադանոսը, պարմեզան պանիրը: Հացը հանեք կաթի միջից, լավ քամեք, ավելացրեք մյուս բաղադրիչներին և ինչպես հարկն է հունցեք:
  4. Ձեռքերն անընդհատ տաք ջրի մեջ մտցնելով՝ մսի խճողակից ընկույզի մեծության գնդիկներ արեք:
  5. Մաքրեք ու մանր կտրատեք սոխը: Հաստ հատակով լայն կաթսայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը, միջին ուժգնության կրակի վրա տապակեք սոխը մինչև փափկելը: Ավելացրեք տրորած լոլիկն ու կես բաժակ ջուր: Խառնեք:
  6. Միջին կրակի վրա եռման աստիճանի հասցրեք տրորած լոլիկը: Երբ սոուսը պնդանա, ավելացրեք մսագնդիկները, կրակն ուժեղացրեք, կափարիչը փակեք ու 45-60 րոպե շոգեխաշեք՝ անընդհատ հետևելով, որ դրանք չվառվեն ու կաթսայի հատակին չկպչեն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ