...

Հեշտ ու համեղ. Մսով հաց «ուդիդու» և ծաղկակաղամբով տաք աղցան

Հեշտ ու համեղ. Մսով հաց «ուդիդու» և ծաղկակաղամբով տաք աղցան

Սարդինյան լեքսիկոնում «ուդիդու» նշանակում է «եփված»: Սա Սարդինիայում հովվի ճաշի տարբերակներից մեկն է: Ռեստորաններում այս ուտեստը պատրաստելիս թարմ հաց են օգտագործում, իսկ ահա հովիվները ստիպված են ինչ-որ կերպ «վերակենդանացնել» արդեն չորացած կտորները: Եվ իհարկե, նրանք ուտեստը պատրաստելիս խոզի ու տավարի միս չեն օգտագործում, այլ այն, ինչ ձեռքի տակ է՝ ոչխարի միս: 

Ռեստորանների կողմից մի փոքր վերամշակման ենթարկված այս ուտեստի ստորև ներկայացված տարբերակը բավական համեղ է ստացվում:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 400 գ տավարի փափուկ միս
  • 400 գ խոզի փափուկ միս
  • 2 միջին չափի գլուխ սոխ
  • 4 միջին չափի լոլիկ
  • 2 պճեղ սխտոր
  • փոքր փունջ ռեհան
  • 1 մեծ կտոր հաց
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Տաք աղցանի համար

  • 1 միջին գլուխ ծաղկակաղամբ
  • 2 մեծ լոլիկ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 40 գ բեկոն
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Միսը ոչ մեծ կտորներով կտրատեք: Սոխը բարակ օղակների ձևով կտրատեք, սխտորն ու ռեհանը մանրացրեք: Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք տաք ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը հեռացրեք: Հեռացրեք նաև սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր կտրատեք:
  2. Խորը թավայի մեջ տաքացրեք 3 ճ.գ. ձեթը, ավելացրեք միսը և ուժեղ կրակի վրա տապակեք մինչև կարմրելը, 5-7 րոպե: Աղ ու պղպեղ արեք: Միսը տեղադրեք տաք ափսեի մեջ:
  3. Թավայի մեջ, որտեղ միսն եք տապակել, 5 րոպե տապակեք նաև սոխը մինչև փափկելը: Ավելացրեք լոլիկը, խառնեք, ավելացրեք տաք միսը, ևս 40 րոպե տապակեք: Եթե հեղուկն արագ գոլորշիանա, տաք ջուր ավելացրեք:
  4. Քանի դեռ միսը շոգեխաշվում է, պատրաստեք աղցանը: Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք տաք, ապա սառը ջրի մեջ, կեղևը, սերմերն ու հեղուկը հեռացրեք: Պտղամիսը կտրատեք: Ծաղկակաղամբի տերևներն ու կոշտ մասերը հեռացրեք: Ծաղկակաղամբը մասնատեք, 5-7 րոպե մտցրեք եռացող աղաջրի մեջ, կիսաեփ արեք:
  5. Մանր կտրատեք սոխն ու բեկոնը: Բեկոնը տապակեք թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա, 3-4 րոպե: Ավելացրեք սոխը, տապակեք ևս 5 րոպե: Ծաղկակաղամբը լցրեք սոխով ու բեկոնով թավայի մեջ: Խառնելով 2-3 րոպե տապակեք: Ավելացրեք լոլիկները, աղ ու պղպեղ արեք, ևս 7-8 րոպե տապակեք:
  6. Հացը ոչ մեծ կտորներով կտրատեք, առանձին թավայի մեջ մնացած ձեթով տապակեք: Մսի մեջ ավելացրեք սխտորն ու ռեհանը, խառնեք, 5 րոպե տապակեք: Ավելացրեք նաև հացի կտորները, ևս 5 րոպե թողեք կրակի վրա:
  7. Մատուցեք տաք վիճակում, տաք աղցանի հետ միասին:

Խորհուրդ: Որպեսզի աղցանն ավելի գունազարդ լինի, ծաղկակաղամբի կեսը կարող եք փոխարինել բրոկոլիով: Նրանք, ովքեր կծու են սիրում, կարող են աղցանի մեջ մանր կտրտած կծու չիլի պղպեղ ավելացնել: Բացի այդ, այսպես կարող եք պատրաստել ոչ միայն ծաղկակաղամբը, այլև դդումը: Բաղադրատոմսը նույնությամբ կրկնեք՝ ծաղկակաղամբը փոխարինելով 1,5 սմ հաստության դդումի կտորներով:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ