Նեապոլյան պիցցայի հետ կապված բազում լեգենդներ կան: Ընդհանրապես պիցցան շատ հին ուտեստ է: Համարվում է, որ նման մի բան պատրաստել են դեռ էտրուսկները: Իսկ ահա մեզ հայտնի տեսքը այն ստացել է 16-րդ դարում, երբ Եվրոպայում տարածվեց լոլիկը:
Բայց նեապոլյան պիցցայի բաղադրատոմսը վերջնականապես հաստատվել է 19-րդ դարում: Մի անգամ Նեապոլ այցով ժամանում են Իտալիայի արքա Ումբերտո 1-ինն իր կնոջ՝ Մարգարիտայի հետ: Տեղացի խոհարար Ռաֆայել Էսպոզիտոն ու նրա կինը արքայի և թագուհու պատվին երեք պիցցա են պատրաստում, որոնք էլ մատուցում են ընթրիքին: Առաջինը պատրաստված էր տապակած մանր ձկներով ու ձիթապտղի ձեթով, երկրորդը՝ լոլիկով, սխտորով, ռեհանով, խնկածաղիկով և ձիթապտղի ձեթով: Իսկ երրորդը հիշեցնում էր իտալական դրոշը՝ լոլիկներ, մոցարելա, ռեհան: Հայտնի է, որ թագուհուն ամենից շատ դուր է եկել երրորդ պիցցան, որը մինչ օրս այդպես էլ անվանում են՝ պիցցա «Մարգարիտա»: Իսկ երկրորդը շատ հավանել են նեապոլցիները, որոնք էլ պիցցային իրենց անունն են տվել:
Բաղադրիչները
2 մեծ պիցցայի համար
- 500 գ պատրաստի խմորիչով խմոր (տես՝ խորհուրդը)
- 400 գ հասած լոլիկ
- 2 պճեղ սխտոր
- ռեհանի 8 տերև
- մի պտղունց խնկածաղիկ (орегано)
- 5-6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Խմորը երկու մասի բաժանեք: Դրանք 0,5 սմ հաստությամբ շրջանաձև բացեք և տեղադրեք տապակների մեջ: 10-15 րոպե թողեք տաք տեղում:
- Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, կեղևն ու սերմերը հեռացրեք, հեղուկը քամեք: Լոլիկի պտղամիսը բարակ շերտերով կտրատեք:
- Մանր կտրատեք ռեհանը: Սխտորը մանր քերիչով անցկացրեք: Կտրտած ռեհանն ու սխտորն ավելացրեք լոլիկներին: Աղ արեք, ավելացրեք խնկածաղիկն ու խառնեք:
- Խմորների մակերեսները ձեթով պատեք, վրան լցրեք ստացված խառնուրդը: Պիցցաների վրա լցրեք մնացած ձեթն ու 10-15 րոպեով տեղադրեք 250 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Միանգամից մատուցեք:
Խորհուրդ: Խմորիչով խմոր պատրաստելու համար 15-20 գ թարմ խմորիչ, 500 գ ցորենի ալյուր վերցրեք, մի փոքր աղ ու շաքարավազ, 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ և 38-40 աստիճան ցելսիուս տաքության բավարար քանակի ջուր, որպեսզի փափուկ ու հարթ խմոր ստացվի: Լավ հունցեք խմորը, ծածկեք այն և մի քանի ժամով թողեք տաք տեղում: Խմորը 6 ժամից շատ թողնել պետք չէ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020