...

Հեշտ ու համեղ. Նրբաբլիթներ խորվաթական ձևով

Հեշտ ու համեղ. Նրբաբլիթներ խորվաթական ձևով

Նրբաբլիթը Խորվաթիայի ամենահայտնի ավանդական քաղցր ուտեստն է: Այն ինչից ասես չեն պատրաստում՝ միայն դեղնուցից կամ առանց դեղնուցի խմորով, սովորական կամ հնդկաձավարի ալյուրով, շոկոլադե կամ վանիլային, և այդպես շարունակ: Նրբաբլիթները մատուցում են մուրաբայի, հարած սերուցքի, մրգերի կամ պաղպաղակի հետ:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 բաժակ ալյուր
  • 1,2-1,5 բաժակ կաթ
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 1 ճ.գ. վանիլային շաքարավազ
  • 1 ձու
  • 4-5 ճ.գ. բուսական յուղ
  • 1 թ.գ. փխրեցուցիչ
  • աղ

Մատուցելու համար՝ ըստ ճաշակի

  • մուրաբա, թարմ մրգեր, հարած սերուցք, պաղպաղակ կամ շոկոլադի մածուկ

Պատրաստման եղանակը

  1. Թասի մեջ ձուն հարեք սովորական շաքարավազի, վանիլային շաքարավազի ու մի փոքր աղի հետ, ավելացրեք ½ բաժակ տաք ջուր և կաթի կեսը: Խառնեք:
  2. Աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը՝ չդադարելով հարել, որպեսզի գնդիկներ չառաջանան:
  3. Ավելացրեք մնացած կաթը, 1 ճ.գ. բուսական յուղը, խառնեք, թասը ծածկեք ու 30 րոպե թողեք:
  4. Բարակ հատակով մեծ թավան տաքացրեք, հատակին մի փոքր բուսական յուղ քսեք և լցրեք խմորի բարակ շերտը:
  5. Նրբաբլիթները երկու կողմից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: 
  6. Նրբաբլիթները մատուցեք չորս հատն իրար վրա դրած, մուրաբայով, պաղպաղակով, մրգերով, շոկոլադով կամ սերուցքով՝ առանձին կամ բոլորը միասին:

Խորհուրդ: Եթե ուզում եք զարմացնել ձեր հյուրերին, պատրաստի նրբաբլիթները լապշայի նման բարակ կտրատեք, լցրեք ափսեների մեջ, վրան մեղր լցրեք ու զարդարեք հարած սերուցքով, ընկուզեղենով ու շոկոլադով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ