...

Հեշտ ու համեղ. Սարտու

Հեշտ ու համեղ. Սարտու

Բրինձն առաջին անգամ Նեապոլում հայտնվել է 14-րդ դարում: Բայց նեապոլցիներն առանձնապես մեծ համակրանք չէին տածում նրա նկատմամբ: Բանն այն է, որ Նեապոլը հաճախ էր խոլերայի համաճարակի զոհ դառնում, և տեղացի բժիշկները հիվանդներին խորհուրդ էին տալիս բրինձ ուտել: Նեապոլցիները բրինձը պարզապես որպես դեղ էին ընկալում: 

Բրինձը իսկապես Նեապոլ մտավ 18-րդ դարում՝ ֆրանսիացիների միջոցով: Կամպանիան այդ ժամանակ Բուրբոններինն էր, ֆրանսիական ամեն ինչ նորաձև էր, իսկ ֆրանսիացիները բրնձի դեմ նախապաշարմունքներ չունեին: Բայց բոլոր դեպքերում բրնձի համը լրիվ փոխելու համար նեապոլցիները բավական բարդ ուտեստներ էին հորինում: 

Այդպես է ծնվել Սարտուի բաղադրատոմսը, անունը ֆրանսիական sur tout-ից, ինչը նշանակում է «ամեն ինչի վրա»՝ ակնարկ այն մասին, որ բրինձն այս ուտեստի մեջ ամենակարևոր բաղադրիչը չէ:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 300 գ կլոր բրինձ
  • 250 գ ոչ շատ յուղոտ խոզի մսի խճողակ
  • 100 գ տապակելու նրբերշիկ
  • 150 գ հավի փափուկ կրծքամիս
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 200 գ թարմ կամ պահածոյացված կանաչ ոլոռ
  • 150 գ մոցարելա պանիր
  • 100 գ քերած պարմեզան պանիր
  • 1 ձու
  • 60 գ կարագ
  • 100 մլ լոլիկի սոուս
  • 2 ճ.գ. ալյուր
  • 3 ճ.գ. հացի փշուրներ
  • 3/4 լ բանջարեղենային արգանակ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Նրբերշիկները չոր թավայի մեջ բոլոր կողմերից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 5-6 րոպե: Մանր կտրատեք սոխը, երեք մասի բաժանեք: Մի մասը նույն թավայի մեջ 1 ճ.գ. ձեթով 4-5 րոպե տապակեք: Սոխին ավելացրեք ոլոռը և 1/2 բաժակ ջուր, հասցրեք եռման աստիճանի, միջին կրակի վրա 5-10 րոպե եփեք:
  2. Հավի եփած կրծքամիսն ու նրբերշիկները ոչ մեծ կտորներով կտրատեք: Մաքուր թավայի մեջ 1 ճ.գ. ձեթով տապակեք սոխի երկրորդ մասը: Ավելացրեք հավի կրծքամիսը, 4 րոպե տապակեք: Ավելացրեք նրբերշիկներն ու լոլիկի սոուսը: Խառնելով 25 րոպե տապակեք: Պատրաստ լինելուց 3 րոպե առաջ ավելացրեք սոխի մեջ տապակած կանաչ ոլոռը:
  3. Խառնեք խոզի մսի խճողակը, ձուն, 2 ճ.գ. պարմեզանը և 1 ճ.գ. հացի փշուրները, աղը, աղացած սև պղպեղը: Մսից փոքրիկ գնդիկներ արեք, ձիթապտղի ձեթի մեջ տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  4. Արգանակը հասցրեք եռման աստիճանի, տաք պահեք: Մնացած սոխը տապակեք հաստ հատակով կաթսայի մեջ, 1,5 ճ.գ.ձիթապտղի ձեթով: Ավելացրեք բրինձը, 4-5 րոպե տապակեք: Արգանակի կեսը լցրեք բրնձի վրա, եփեք այն՝ ժամանակ առ ժամանակ խառնելով և անհրաժեշտության դեպքում արգանակն ավելացնելով, մոտ 20 րոպե: Բրինձը վերցրեք կրակի վրայից, ձիթապտղի ձեթ լցրեք վրան, 2 ճ.գ. քերած պարմեզան և մսից ու ոլոռից ռագուի կեսը:
  5. Մոցարելան խորանարդաձև կտրատեք: Կլոր ու խորը տապակը կարագով պատեք, վրան ցանեք հացի փշուրները:
  6. Բրնձի խառնուրդի 3/4-րդ մասն այնպես լցրեք տապակի մեջ, որ հատակն ու պատերը ծածկվեն: Կենտրոնում շերտերով լցրեք ռագուն, մոցարելան և մսի գնդիկները: Վրան քերած պարմեզան ցանեք, ծածկեք մնացած բրնձի խառնուրդով: 20-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: 

Մատուցեք տաք վիճակում՝ տորթի նման կտրտած:

 

«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ