...

Հեշտ ու համեղ. Շոկոլադե տուրոն՝ պնդուկով

Հեշտ ու համեղ. Շոկոլադե տուրոն՝ պնդուկով

Տուրոնը՝ որպես աղանդեր (հաճախ նուշով պատրաստված) հանդիպում է Իտալիայի ողջ տարածաշրջանում: Բայց որտեղի՞ց է այն առաջացել: Կարծիք կա, որ այն ծնվել է Չինաստանում, որտեղից էլ տարածվել է նշենին: Իսկ Միջերկրական ծովի տարածաշրջան նշենին բերել են արաբները, այնպես որ՝ տուրոնն ամենայն հավանականությամբ արաբական աղանդերի տեսակ է՝ պատրաստված նշից ու մեղրից: 

Դասական տուրոնը պատրաստում են բացառապես մեղրից ու ընկուզեղենից: Բայց մենք առաջարկում ենք իտալական Մոլիզեի տարբերակը՝ տուրոն պնդուկով ու շոկոլադով:

Բաղադրիչները

  • 400 գ պնդուկ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 150 գ մեղր
  • 150 գ մուգ շոկոլադ (70 տոկոս կակաո)
  • 2 ձվի սպիտակուց
  • 150 գ բարակ վաֆլի՝ առանց միջուկի

Պատրաստման եղանակը

  1. Պնդուկը լցրեք տապակի մեջ, 15 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջեռոցի մեջ, թող բովվի: Պնդուկները հանեք ջեռոցից, փռեք կոշտ կտորի վրա: Կտորի մեջ տրորեք պնդուկները, որպեսզի կեղևը մաքրվի:
  2. Շոկոլադը փոքր կտորների բաժանեք: Փոքրիկ կաթսայի մեջ 2 ճ.գ. ջուր ու 2 ճ.գ. շաքարավազ եռացրեք, ավելացրեք շոկոլադը, թույլ կրակի վրա անընդհատ խառնելով՝ հալեցրեք:
  3. Մեկ այլ՝ փոքրիկ կաթսայի մեջ լցրեք մեղրը, դրեք թույլ կրակի վրա ու եփեք մինչև հասնի մի վիճակի, երբ մեղրի կաթիլը գցեք մաքուր ափսեի վրա, այն բյուրեղանա (դա տեղի կունենա 6-10 րոպե հետո):
  4. Ձվի սպիտակուցները լցրեք ջերմադիմացկուն պնակի մեջ, այն պահեք թույլ եռացող ջրի գոլորշու վրա ու հարեք: Եռացող ջուրը պիտի քիչ լինի:
  5. Մնացած շաքարավազն ու 6 ճ.գ. ջուրը միջին ուժգնության կրակի վրա եփեք, մինչև բաց գույնի կարամել ստանալը, մոտ 4-5 րոպե: Ստացված կարամելն ավելացրեք մեղրին: Ավելացրեք նաև շոկոլադը, պնդուկն ու հարած սպիտակուցները:
  6. Վաֆլիների կեսը իրար վրա մի փոքր դրած շարեք սեղանի վրա, վրան լցրեք պնդուկի ու շոկոլադի խառնուրդը, որի հաստությունը 4 սմ-ից շատ չպետք է լինի: Շոկոլադի շերտը ծածկեք վաֆլիների մյուս կեսով: Սպասեք, մինչև տուրոնը մի փոքր հովանա և այն քառակուսիների ձևով կտրատեք: Մատուցելուց առաջ մոտ 1 ժամ թողեք, հովանա:

Խորհուրդ: Տուրոնը կարող եք պատրաստել նաև ընկույզով կամ նուշով: Եթե բաղադրիչների ցանկից շոկոլադը հանեք, սովորական անգույն տուրոն կստանաք: Այդ դեպքում ընկուզեղենն էլ պետք է ավելի քիչ օգտագործեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ