...

Հեշտ ու համեղ. Սպիտակ գինով ապուր

Հեշտ ու համեղ. Սպիտակ գինով ապուր

Այս ապուրը ծնունդով Իտալիայի հյուսիսային շրջաններից է: Ուտեստի լավ համի գլխավոր գրավականը արգանակն է, այնպես որ՝ այն նախապես պատրաստեք տավարի մսից, գազարից, սոխից, նեխուրից և համեմունքներից: Երկար եփեք՝ մոտ 3 ժամ, որպեսզի արգանակը չպղտորվի, ջրի նման զուլալ լինի:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 500 մլ մսի արգանակ
  • 150 մլ սպիտակ չոր գինի
  • 150 մլ սերուցք (20-35 տոկոս յուղայնության) 
  • 4 խոշոր ձվի դեղնուց
  • 4 փոքր կտոր հաց
  • 30 գ կարագ
  • աղացած դարչին
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ լցրեք արգանակն ու գինին, տաքացրեք, բայց մի թողեք, որ եռա:
  2. Թասի մեջ խառնեք ձվի դեղնուցները, սերուցքը, աղը, պղպեղը և աստիճանաբար ավելացրեք արգանակին՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:
  3. Թույլ կրակի վրա շարունակեք տաքացնել ապուրը՝ դարձյալ անընդհատ խառնելով, մինչև խտանա, մոտ 5-7 րոպե:
  4. Հացը փոքրիկ քառակուսիների ձևով կտրատեք, թավայի մեջ կարագը հալեցրեք ու հացի կտորները տապակեք բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Ապուրը լցրեք տաքացրած ափսեների մեջ, ավելացրեք չորացրած հացի կտորները, վրան դարչին ցանեք ու մատուցեք:

Խորհուրդ: Այս ապուրի կարմիր գինով տարբերակն էլ կա, բայց այդ դեպքում սպիտակ պղպեղը պետք է փոխարինել սևով, մի փոքր շաքարավազ ավելացնել և ըստ ցանկության՝ մսագնդիկներ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ