Թաբուլեն հանդիպում է միջերկրածովյան շատ երկրների խոհանոցներում: Այս աղցանը պատրաստելու երկու սկզբունքային տարբերակ գոյությունի ունի. առաջինը՝ կուսկուսով (ցորենի ձավարով), իսկ երկրորդը՝ խոշոր բլղուրով: Սակայն լոլիկը, սոխը, անանուխն ու մաղադանոսը երկու տարբերակում էլ անփոխարինելի բաղադրիչներ են: Իսկ ահա ձուն ու սիսեռը միայն իսրայելական տարբերակին են բնորոշ:
Բաղադրիչները
4-6 բաժնի համար
- 250 գ կուսկուս
- 300 գ հասած լոլիկ
- 2-3 հատ քաղցր պղպեղ
- 1 միջին չափի վարունգ
- 1 թարմ կարմիր չիլի պղպեղ
- 4 ճյուղ կանաչ սոխ
- մի բուռ խաշած կամ պահածոյացված սիսեռ
- 3 ձու
- 1 կիտրոնի հյութ
- 1 թ.գ. զիրայի սերմեր
- 1 թ.գ. գինձի (кориандр) սերմեր
- 4-5-ական ճյուղ մաղադանոսի ու անանուխի տերևներ
- ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Ձվերը 9 րոպե խաշեք, անմիջապես դրեք սառը ջրի տակ, մաքրեք կեղևից, երկարությամբ շերտերով կտրատեք:
- Զիրայի ու գինձի սերմերը տրորեք: Կուսկուսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք աղը, տրորած զիրան ու գինձը: 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք վրան, խառնեք:
- Կուսկուսը եփեք տուփի վրա նշված ցուցումների համաձայն, ապա պատառաքաղով շուռ տալով՝ առանձնացրեք հատիկները: Թողեք, թող հովանա:
- Լոլիկները մտցրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, կեղևից մաքրեք, պտղամիսը քառակուսիների ձևով կտրատեք: Մանր կտրատեք կանաչ սոխը, մաղադանոսն ու անանուխը:
- Քաղցր ու կծու պղպեղները մաքրեք սերմերից և երկարությամբ կտրատեք (չիլի պղպեղը կարելի է նաև շրջանաձև կտրատել): Վարունգը մաքրեք կեղևից, բարակ կտրատեք:
- Բոլոր բանջարեղեններն ու սիսեռը լցրեք մեծ ափսեի մեջ, ավելացրեք կուսկուսը, վրան կիտրոնի հյութ ու ձեթ լցրեք, ավելացրեք մաղադանոսը, անանուխը, կանաչ սոխը, կծու պղպեղը և խառնեք:
- Աղցանը զարդարեք շերտերով կտրտած ձվով ու մատուցեք:
Խորհուրդ: Այս ուտեստին կարող եք նոր շունչ հաղորդել նաև հում դդմիկի խորանարդներ, քաղցր կարմիր սոխ կամ ձիթապտուղներ ավելացնելով. ամեն անգամ աղցանը նոր գույներ կստանա:
«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020