...

Հեշտ ու համեղ. Տապակած լյարդ՝ լոլիկի ու սոխի աղցանով

Հեշտ ու համեղ. Տապակած լյարդ՝ լոլիկի ու սոխի աղցանով

Համարվում է, որ ալբանական խոհանոցը շատ ընդհանրություններ ունի հունական ու թուրքական խոհանոցների հետ: Սակայն այն նաև տիպիկ, գուցե ոչ շատ հայտնի բաղադրատոմսեր ունի, որոնցում հիմնականում միս է օգտագործվում: 

Ներկայացնում ենք դրանցից մեկը:

Բաղադրիչները 

  • 500-600 գ տավարի լյարդ
  • 6 ճ.գ. ալյուր
  • կարմիր, կծու աղացած պղպեղ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • ձիթապտղի ձեթ

Աղցանի համար

  • 3 մեծ, հասած լոլիկ
  • 2 միջին չափի կարմիր, քաղցր սոխ
  • 2-3 ճյուղ մաղադանոս
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Հեռացրեք լյարդի թաղանթն ու ծորանները, փափկամիսը բարակ շերտերով կտրատեք:
  2. Ալյուրը խառնեք աղացած կարմիր ու սև պղպեղների հետ, լյարդի կտորներն այնպես թաթախեք նրա մեջ, որ բոլոր կողմերից ալյուրով պատվեն:
  3. Խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը: Լյարդի կտորները տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  4. Պատրաստի լյարդի կտորները տեղադրեք տաքացրած ափսեի մեջ: Ափսեն ծածկեք փայլաթիթեղով, որպեսզի միսը չսառչի:
  5. Պատրաստեք աղցանը: Մաքրած սոխը բարակ օղակների ձևով կտրատեք, լոլիկները միջին չափի կտորների բաժանեք, մաղադանոսը մանրացրեք: Խառնեք սոխը, լոլիկն ու մաղադանոսը, սև պղպեղ արեք վրան, ավելացրեք ձիթապտղի ձեթը, խառնեք:
  6. Տապակած տավարի լյարդը մատուցեք աղցանի հետ մեկտեղ:

Խորհուրդ: Տավարի լյարդը կարող եք փոխարինել հորթի և նույնիսկ ոչխարի լյարդով. ուտեստը դրանից միայն կշահի: Կարևորն այն է, որ պղպեղը չխնայեք, դրանում է ողջ գաղտնիքը: Եվս մեկ խորհուրդ. ոչ մի դեպքում չի կարելի չափազանց երկար տապակել լյարդը, մի քանի րոպեն լրիվ բավարար է: Թավայից լյարդի կտորները կարող եք մի քիչ կիսահում հանել, ափսեի մեջ՝ փայլաթիթեղի տակ, այն կշարունակի եփվել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ