Այս թխվածքաբլիթի անվանումը իտալերենից թարգմանաբար նշանակում է «տգեղ, բայց համեղ»: Այն թխում են տապակի վրա տեղադրելով խմորի տձև գնդիկները:
Թխվածքաբլիթի նմանատիպ բաղադրատոմսեր տարածված են Իտալիայի ողջ հյուսիսում: Բայց մեզ հայտնի է օրիգինալի ծննդյան հստակ տարեթիվը: 1869թ. իտալական փոքրիկ քաղաքներից մեկում՝ Բորգոմաներոյում, բացվել է քաղցրավենիքի առաջին «Օֆելերիե» անունով խանութը: Հենց այստեղ էլ սկսել են թխել խանութի տիրոջ քրոջ հորինած բաղադրատոմսով այս թխվածքաբլիթը:
Թխվածքաբլիթը սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:
Բաղադրիչները
10-12 բաժնի համար
- 250 գ մաքրած նուշ
- 50 գ մաքրած պնդուկ
- 4 ձվի սպիտակուց
- 1,5 բաժակ շաքարավազ
- 2 փաթեթ (10-ական գրամ) վանիլային շաքարավազ
- մի պտղունց դարչին
Պատրաստման եղանակը
- Պնդուկն ու նուշը վերածեք ոչ շատ մանր փշուրների:
- Ձվի սպիտակուցը հարեք: Աստիճանաբար, մաս-մաս ավելացրեք ընկուզեղենն ու շաքարավազը: Ավելացրեք նաև դարչինն ու վանիլային շաքարավազը:
- Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, հետո այն տեղադրեք 1/3 չափով մարմանդ եռացող ջրով լցված ավելի մեծ կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով՝ 30 րոպե պատրաստեք:
- Պատրաստի խմորը փոքր կույտերի ձևով դասավորեք ջուր ցողած, կալկայով պատած տապակի մեջ: Մոտ 3 ժամով տեղադրեք թույլ տաքության (մոտ 70-90 աստիճան ցելսիուս) ջեռոցում:
Մատուցելուց առաջ թողեք թխվածքաբլիթը լավ հովանա:
«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020