...

Հիմա էլ՝ ոչմիթիզականություն հակառակ նշանով

Հիմա էլ՝ ոչմիթիզականություն հակառակ նշանով

Նկատե՞լ եք, թե ինչ եռանդով են քաղաքական ուժերը հերթով հրաժարվում «ոչմիթիզականությունից»։ Պատճառը հասկանալի է։ Քաղաքականության մեջ «ոչմիթիզականությունը» (որևէ պարագայում որևէ բան չզիջելը և ցանկացած փոխզիջում «դավաճանություն» որակելը) հիմարության նշան է, իսկ մեր դեպքում այդ գրեթե համատարած հիմարությունը հանգեցրել է ծանր պարտության ու ահռելի կորուստների, հետևաբար՝ հիմա քաղաքական ուժերը չքմեղանում են, թե իրենք հեչ էլ «ոչմիթիզական» չեն, իրականում իրենք լավ էլ կառուցողական են եղել, պարզապես իրենց սխալ են հասկացել, և այլն։

Դասական «ոչմիթիզականությունն», իհարկե, մեր քաղաքական դաշտի հին հիվանդությունն է, բայց այսօր ականատես ենք լինում իշխանությունների կողմից իրականացվող ինչ-որ անհասկանալի, նոր քաղաքականության, որը պայմանականորեն կարելի է անվանել «ոչմիթիզականություն՝ հակառակ նշանով»։ Դրա «սկզբունքը» մոտավորապես սա է․ քանի դեռ հաղթած կողմ էինք՝ ոչ մի թիզ չէր կարելի զիջել, իսկ հիմա՝ երբ պարտվել ենք, ոչ մի թիզ իմաստ չունի պաշտպանել, ինչ ուզեն՝ պիտի համարենք «դժբախտ-դժգույն» ու սուսուփուս տանք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց այդպես է վարվում։ 44 օր տևած «հաղթելու ենք»-ը նոյեմբերի 10-ից հետո դարձել է «պարտվել ենք» ու թմբկահարվում է ամեն օր՝ ներկայացվելով որպես դատավճիռ, որի արդյունքում մեզ հետ ինչպես էլ վարվեն՝ պիտի ընդունենք ու գոհ լինենք, որ «սաղ-սալամաթ մնացինք»։ 

Միայն մի օրինակ բերենք։ Ադրբեջանն ինչ անում է՝ որպես հիմք ներկայացնում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Հիմա էլ Հայաստանը Ղարաբաղին կապող նոր ճանապարհ է կառուցում, որպեսզի դատարկի Բերձորն ու ներկայումս գործող միջանցքի մի քանի հայաբնակ գյուղերը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ այդ միջանցքի լայնությունը 5 կիլոմետր է, 3 տարվա ընթացքում էլ այդ միջանցքում պիտի «կողմերի հետ համաձայնեցված» նոր երթուղի սահմանվի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Լաչին։ Բայց կառուցվող նոր ճանապարհն այդ միջանցքում չէ, բավական հեռու է։ Հարց՝ նոր ճանապարհի երթուղին ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցվե՞լ է (ինչպես պահանջում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ նաև Ալիևի ստորագրությունն է)։ Հարցը, ի դեպ, ՀՀ իշխանություններին է ուղղված և ենթադրում է հստակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները բարձրաձայն չեն ասում այդ մասին, և արդյո՞ք «նոր միջանցքը» 5 կիլոմետր լայնություն է ունենալու։ Իսկ եթե ոչ, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն բողոքում, որ ադրբեջանական կողմը նույնիսկ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն է խախտում։ Լավ, հասկացանք, պետությունները պատերազմներ են մղում, հաղթում էլ են, պարտվում էլ են, հետո փորձում են առավելագույն օգուտներ քաղել կամ նվազագույն կորուստներով դուրս գալ, բայց հազվադեպ է լինում, որ պարտված կողմը միանգամից հանձնվի, ձեռքը թափ տա ու ասի «լավ, պարտվել եմ, ինչ ուզում եք՝ արեք, ինձ մի էլ հարցրեք»։ Թե՞ Նիկոլ Փաշինյանն այս առումով էլ է «աննախադեպ»։ 

Այո, պարտված կողմը ստիպված է լինում շատ բաների հետ համակերպվել, բայց նաև պարտավոր է հնարավոր բոլոր միջոցներով պայքարել իր տարածքի ամեն թիզ հողի ու իր իրավունքների ցանկացած՝ թեկուզ ամենաչնչին կետի համար, և ոչ թե աշխարհից խռովել ու միանգամից դառնալ «բացասական նշանով ոչմիթիզական»՝ հայտնի անեկդոտի «ինձ բմբուլ պետք չի» ասող ագռավի կեցվածքով։ 

Որովհետև խաղասեղանին Նիկոլ Փաշինյանի «բմբուլները» չեն, խաղասեղանին հայրենքի մի մասնիկն է, որը գուցեև դեռ հնարավոր է փրկել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ