...

Հնարավորություն ունենք ներմուծել ոչ միայն երրորդ երկրներից

Հնարավորություն ունենք ներմուծել ոչ միայն երրորդ երկրներից

Հաջորդ տարվա սկզբից կզգացվեն Եվրասիական տնտեսական միությունից թելադրվող գնաճային ճնշումները։ Նախատեսված մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված` սպասվում է շուրջ 700 անուն ապրանքների գների բարձրացում։ Ու դրանց մեջ քիչ չեն նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում` սննդամթերքը։

Երրորդ երկրներից ներմուծվող թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքինը և կարագինը՝ 2, մարգարինինը՝ 12, բրնձինը՝ 3, արևածաղկի ձեթինը՝ 2 տոկոսով։ Կավելանան նաև դեղորայքի, շինանյութերի, գյուղատնտեսական պարագաների մաքսատուրքերը։ Սա ենթադրում է նաև դրանց ներքին գների բարձրացում։

«Սպասվող գնաճը ցանկալի երևույթ չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետությունում ունենք գնողունակության ցածր մակարդակ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Ցանկալի երևույթ չէ, բայց եթե համեմատության մեջ վերցնենք, խուճապ չի կարող առաջանալ, քանի որ միանիշ թվով է գնաճը լինելու»,- հավելեց նա:

Ըստ տնտեսագետի՝ մխիթարող է այն հանգամանքը, որ հունվարի մեկից բարձրանալու է նվազագույն աշխատավարձի շեմը: Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը Հայաստանում կբարձրանա` 55 հազարից դառնալով 68 հազար դրամ։ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի՝ 13 000 դրամով բարձրացումը մասամբ է սպասվող գնաճը մեղմելու, եթե հաշվի առնենք նաև կենսաթոշակառուների մի ստվար զանգվածի, որոնք ոչ միայն նվազագույն աշխատավարձի չափ կենսաթոշակ չեն ստանում, այլև այդ գումարով չեն կարողանում պահպանել իրենց գոյությունը:

«Եթե ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են և այդքան ստանում են, ինչ-որ չափով կարող է մեղմել: Եթե ընտանիքում մեկ հոգի է աշխատում, իսկ այդպիսի ընտանքիներ շատ կան, երբ հայրը, կամ մայրն են վաստակում, կամ էլ զավակներից որևէ մեկը, այդ դեպքում ավելի ծանր սոցիալական վիճակ է»,- նշեց Մանասերյանը:

Տնտեսագետը նկատում է՝ երրորդ երկրներից ներմուծվող սննդամթերքի տեսակների մի զգալի մասը նաև մենք էլ ենք արտադրում: Վստահեցնում է՝ մեր արտադրանքն ավելի որակյալ է և մատչելի:

«Օրինակ՝ սառեցված թռչնամիսը: Ես խորհուրդ կտամ պարզ հաշվարկ կատարել՝ այն գումարը, որը ծախսվում է տրանսպորտի, մաքսազերծման վրա, ինչպես նաև այլ հավելյալ ծախսեր է կատարվում, եթե այդ ամբողջը գումարում ենք, ստացվում է, որ այդ թռչնամիսը կամ գին չի ունեցել, նվիրել են, կամ էլ այնքան անորակ է, որ արդեն կասկածի տեղիք է տալիս»,- բացատրում է նա:

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ մեր երկիրը հնարավորություն ունի ներկրում իրականացնել ոչ միայն երրորդ երկրներից: Մատնաշում է հարևան Իրանին, որտեղից կարող ենք, օրինակ, լավ որակի բրինձ բերել:

«Արդեն 2 տարի է՝ պաշտոնապես բացվել է Մեղրու ազատ տնտեսական գոտին: Մեր հարևան Իրանն, ի թիվս այլ ապրանքների, նաև շատ բարձր որակի բրինձ ունի՝ և՛ ներքին սպառման համար, և՛ արտահանման: Ինչո՞ւ ենք անտեսում մեր հարևանին և բավականին մատչելի գներով չենք ներմուծում այդտեղից, անպայման նայում ենք հեռավոր արտերկրից ներկրել: Պետք է հաշվի առնենք, որ առանց մաքսատուրքի ներկրելու հնարավորություն է մեզ ընձեռված»,- կարևորեց մեր զրուցակիցը:

Բացի այս, տնտեսագետն առաջարկում է ներմուծմանը փոխարինելու քաղաքականություն մշակել՝ զարգացնել տեղական արտադրությունը:

Նրա կարծիքով՝ սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի զարկ տանք տեղական արտադրության զարգացմանը, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ավելացմանը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ