Շիրակի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Անիի տարածաշրջանում` 65,9 %։ Ընդհանուր առմամբ, 29 համայնքներ չեն ապահովել մարզի միջին ցուցանիշը, իսկ 1 համայնք չի ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի նիստում կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում պարտաճանաչությունն ու աշխատանքներում թերացումների բացառումը` նշել է. «Չեմ ուզում կրկնել ամեն անգամվա ասածը, սակայն բոլորիս համար պետք է պարզ լինի մեկ կարևոր փաստ՝ եկամուտների հավաքագրումը համայնքապետի ու համայնքապետարանի աշխատակիցների ընթացիկ գործերից մեկն է, պետք է ամեն ինչ անել այս առումով չթերանալու համար»:
Համայնքապետերն իրենց պարտականությունները լավ են կատարում են՝ պնդում են նրանք:
Անիի տարածաշրջանի Ձորակապ բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ հարկերի հավաքագրման մասով միշտ հարևան համայնքների ղեկավարների հետ մրցակցության մեջ է եղել: Սակայն, խոստովանում է, որ դեռ իրեն չի հաջողվել հարկերի հավաքագրման ցուցանիշով գերազանցել:
«Անձամբ ես չեմ ուզում, որ ինձանից ավել ինչ-որ մեկը հավաքագրում կատարի Անի համայնքի մեջ: Շատերի հետ հավասար մրցակցել եմ՝ ապահովելով 100 տոկոս կատարողական, բայց 100-ը չեմ գերազանցել»,- ասաց նա:
Անցյալ տարի 99 տոկոս Ձորակապը հավաքագրում է կատարել, այս տարի մարզի համայնքների ցուցակի վերջին տեղերում են:
Պողոսյանը չի մեղադրում նաև համայնքի բնակիչներին: Վստահեցնում է՝ անպարտաճանաչ հողագործ չկա, պարզապես սոցիալապես լավ վիճակում չեն: Ունեցած գումարներով առաջին անհրաժեշտության հարցերն են լուծում:
«Սոցիալական հարց է: Իրենք գիտեն, որ պարտք են, բոլորը պարտաճանաչ են, վարկեր ունեն, հազիվ դրանք են տալիս»,- նշեց Ձորակապի վարչական ղեկավարը:
Համայնքը սեփական եկամուտների հավաքագրման գործընթացքում թերացել է հատկապես 3-րդ եռամսյակում, 41 տոկոս են գանձումներ կատարել:
Հողագործը բերք չի ստացել: Հունիսի 20-ի տեղացած կարկուտը 70- 100 տոկոսով վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Ցորեն ու գարի գրեթե դաշտերից չեն հավաքել:
«Եթե մեկ հեկտարից պետք է քաղեին 4 տոննա ցորեն, այս տարի հավաքել են 700 կիլոգրամից մինչև 1 տոննա»,- փաստեց նա:
Կարկուտի հասցրած վնասը հաշվարկել, թվերը ներկայացրել են մարզպետարան ու սպասում են կառավարության աջակացությանը:
Լուսաղբյուրում էլ է ցածր ցուցանիշներ գրանցվել: Վարչական ղեկավար Մելս Մանուկյանը սպասումներ ուներ, որ բերքահավաքից հետո հողի հարկը բոլոր կտան, բայց համագյուղացիները հուսախաբ արեցին: Բնակիչները հարկերը դժվարությամբ են վճարում, քանի որ շատերը ոչ միայն այս տարվա բերքից գումար չեն վաստակել, այլև ցանածը չեն քաղել:
«Հողերն անջրդի են, իսկ այս տարի եղանակային պայմանները նպաստավոր չէին՝ երաշտ էր: Հեկտարից մինչև 10 ցենտներ ցորեն են քաղել: Միջին բերքը 25-30 ցենտներ պետք է լիներ»,- մատնանշեց նա:
Մարզպետն անդրադառնալով վարձակալական հողերի վճարներին՝ ասել է, որ համայնքապետերն այս առումով ևս անելիք ունեն, քանզի պետք է անպարտաճանաչ ու անբարեխիղճ վարձակալողների հետ չշարունակել պայմանագիր կնքել: Լուսաղբյուրն այն համայնքներից է, որտեղ վարձակալների հետ կապված խնդիրներ են առաջացել:
«Հողերը նախկին համայնքի ղեկավարի կողմից վարձակալության են տրվել ոչ օրինական հիմքերով: Գյուղապետի և բնակչի հետ է պայմանագիրը կապված, որն իրավական հիմք չունի: Վարձակալությունը պետք է լինի մրցութային կարգով, բայց այդպես չի արվել: Մյուս տարվա ծրագրերի մեջ մտցված է, որ վարձակալական հողերն ամբողջությամբ տրվեն աճուրդի, նորմալ վարձակալության հանձնվեն և նորմալ գանձումներ հավաքագրվեն»,- ներկայացրեց վարչական ղեկավարը:
Շիրակում հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 85,6%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11,9 %-ով ավելի։ Հողի հարկը կատարվել է 80, 8 %-ով, գույքահարկը՝ 82,3 %-ով։
Մանյա Պողոսյան