...

Հոգով-սրտով-հաճույքով հանձնվածի իշխանությունը

Հոգով-սրտով-հաճույքով հանձնվածի իշխանությունը

Նիկոլ Փաշինյանն ամենաշատը կատաղում ու հիստերիայի մեջ է ընկնում «կապիտուլյանտ» գնահատականից, և դա հասկանալի է։ Նա Հայաստանը հասցրել է կապիտուլյացիայի առանց բացառության բոլոր ոլորտներում, ուշադիր հետևում է, որ հանկարծ որևէ հարցում որևէ ձևով դիմադրություն չլինի, միաժամանակ՝ գիտի, որ դա իր ամենածանր հանցանքն է, ու բնականաբար՝ դիվոտում է, որ մարդիկ հասկացել են դա։ Մինչև պատերազմն էլ ամենաշատը կատաղում էր «ոչինչ չի փոխվել» արտահայտությունից, որովհետև իսկապես էլ ոչինչ չէր փոխվել, պարզապես կոռուպցիոն բուրգի գագաթին ինքն էր հայտնվել՝ իր թայֆայով, ու դիվոտում էր, որ մարդիկ նաև դա են հասկացել։

Բայց վերադառնանք կապիտուլյացիային։ Խնդիրը միայն նոյեմբերի 10-ի փաստաթուղթը չէ, խնդիրը նաև այն է, որ դրանից հետո Նիկոլի իշխանությունը հրաժարվել է որևէ պայքարից, վերջնականապես հանձնվել է ու չի համարձակվում դիմադրել անգամ այն հարցերում, որտեղ դիմադրելու ռեսուրսներ ու հակաքայլեր կան, ընդ որում՝ հենց այդ նույն չարաբաստիկ փաստաթղթով։ Օրինակ՝ հիշո՞ւմ եք նրա այն հայտարարությունը, թե «դե հո ինչ-որ լճի պատճառով պատերազմ չե՞նք սկսելու»։ Դա հստակ ուղերձ էր Ադրբեջանին՝ «եղբայր, սիրուն բան չես անում, բայց ոչինչ, ես չեմ դիմադրի ու կշարունակեմ բանակցությունները»։ Ադրբեջանին ուղղված ճիշտ նույնպիսի ուղերձ էր նաև «ոչինչ, մեր տղաները ևս մի քանի ամիս կմնան Բաքվի բանտերում» արտահայտությունը։ Անցել է մեկուկես տարի, տղաները դեռ բանտերում են, իսկ Նիկոլի իշխանությունը շարունակում է բանակցությունները «խաղաղության դարաշրջանի» բացման շուրջ, այսինքն՝ համարձակություն չունի բանակցությունների շարունակումը պայմանավորել գերիների ազատ արձակման հետ։ 

Նույնն էլ, ի դեպ, Երևանում ռումբերի տեղադրման ահազանգերի դեպքում է։ Ենթադրենք դա անում են դրսի թշնամական ուժերը՝ Հայաստանում քաոս ու խուճապ սերմանելու համար։ Նման ահազանգերը շատ արդյունավետ են, որովհետև եթե անգամ ահազանգը 99,9 տոկոսի հավանականությամբ կեղծ է, միևնույն է՝ ամեն ինչ պիտի ստուգվի։ Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ ժամանակակից հիբրիդային պատերազմներում այդ զենքն այնքան էլ հաճախ չի օգտագործվում։ Շատ պարզ պատճառով․ հակառակորդը կարող է ճիշտ նույն ձևով պատասխանել։ Հիմա ենթադրենք՝ ԱԱԾ-ն պարզել է, որ մեր դեպքում այդ զանգերի հեղինակն Ադրբեջանն է։ Ի՞նչն է խանգարում, որ Ադրբեջանում էլ օրումեջ ահազանգեր ստացվեն Բաքվի մետրոյում ռումբերի առկայության մասին։ Մի քանի անգամ ուղևորներին կտարհանեն ու էլ նման ղալաթ չեն անի։ Բայց առայժմ քաոսն ու խուճապը միայն մեզ մոտ են, որովհետև նրանք գիտեն՝ Հայաստանն անգամ այս դեպքում պատասխան քայլի համարձակություն չի ունենալու։

Ի դեպ, հիբրիդային պատերազմի մասին։ Այո, մենք իսկապես էլ հիբրիդային պատերազմի թիրախում ենք, բայց այդ պատերազմը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Հայաստանին տիրանալու համար։ Նիկոլի աղետաբեր իշխանությունը Հայաստանը հասցրել է ստրուկների շուկայի անկյունում կուչ եկած ցնցոտիավոր աղջկա վիճակին, որի համար պոտենցիալ գնորդները սակարկում են՝ ընթացքում տնտղելով նրա բարեմասնությունները, ստուգելով ատամները և այլն։

Նիկոլի «արտաքին քաղաքականությունն» էլ այն է, որ փորձում է պոտենցիալ գնորդներին առանձին-առանձին աչքով-ունքով հասկացնել, թե լավ կլիներ՝ իրեն հենց նա առներ, որովհետև էն մյուսները լավը չեն, իր հետ կոպիտ կվարվեն, ախր ինքն ափսոս է։ Իսկ հասարակությունը դեռ լրջորեն քննարկում է՝ ճկուն արտաքին քաղաքականություն, անվտանգության համակարգ, «հայկական խաչմերուկ», ֆլան-ֆստան․․․ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ