...

Հոսանքն ու ջուրը չեն թանկանա, գազի հարցը պարզ չէ

Հոսանքն ու ջուրը չեն թանկանա, գազի հարցը պարզ չէ

Եկող տարվանից էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանա 

«2020 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գործող սակագների մակարդակին կպահպանվի սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- կատարած աշխատանքներն ամփոփելով՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Հունվարից արդեն սկսում է Ատոմային էլեկտրակայանում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, և դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը: Շատ ավելի ծանր տարի է, որովհետև պետք է սկսվի վարկի ներառումը, որովհետև սակագներն այնքան խնայողություններ են ունեցել, որ կարողացել են գործող սակագների մակարդակին պահպանել և սակագներում ներառել ենք շուրջ 21 միլիոն դոլարի վերադարձ, դա համարժեք է սպառողներին տրամադրվող 2 դրամ սակագնին»,- ներկայացրեց նա:

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ուսումնասիրության համար աուդիտ էր իրականացվել, աուդիտորական ընկերությունը մրցույթով էր ընտրվել: Հաշվետվություններով արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ արդյունքները հաշվի առնելով՝ սակագների վերահաշվարկում տեղ են գտել արդյունքները:

Արևային էլեկտրաէներգայի ոլորտը գրավիչ է ներդրողների համար

Էլեկտրաէներգայի ոլորտի հաջորդ ձեռքբերում Բաղրամյանը համարում է վերականգնողական էլեկտրաէներգիան: Նա ասաց, որ այս ոլորտը ներդրումների համար գրավիչ է: 

«Հանձնաժողովը արևային փոքր էլեկտրակայանների սահմանաչափ էր տվել, այսօր տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, այդ սարքավորումների գներն այնքան են էժանացել, որ այդ ոլորտում ներդրումները բավականին գրավիչ են դառնում: Ասեմ, որ դեռևս տարվա կեսերին այդ սահմանաչափերը սպառվել են: Արդեն ունենք ընկերություններ, որոնք ստացել են կառուցման լիզենզիաներ, ևս 100 մգՎտ ավելացվելու են»,- հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:

Արդյունքում, արդեն 210 մգվտ լիցենզիա է տրվել։ 1900 փոքր տնտեսություններ ունեն արևային փոքր կայաններ:

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում գրանցված մյուս հաջողությունը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է: Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ՝ բարեփոխումների մեկնարկը տրվել է դեռ նախորդ տարվանից:

Ջուրը չի թանկանա

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ չնայած, որ պետությունն այլևս չի վճարի 11 դրամ սուբսիդավորումը, բայց ջրի գործող սակագինը կպահպանվի:

«Կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում տեղի չի ունենա։ Գործող գինը 191 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից և հիմա հաստատվելու է առանց սուբսիդիայի՝ 180 դրամ։ Սպառողի համար կմնա գործող գինը», - մանրամասնեց նա։

Ձեռքբերում՝ հեռահաղորդակցման ոլորտում 

2020 հունվարի 1-ից վեց ամսվա պարբերականությամբ կնվազեն Հայաստանի և Արցախի միջև շարժական հեռախոսակապի ռոումինգի սակագները։

ՀԾԿՀ նախագահի տեղեկացմամբ՝ հունվարի մեկից ելքային զանգերի սակագները կնվազեն 25 տոկոսով և մինչև 2021 թվականն այդ նվազումը կկազմի 30 տոկոս։  Մուտքային զանգերի սակագները եկող տարվանից կնվազեն շուրջ 40 տոկոսով:

«50 տոկոսով կնվազի տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը, 2021 թվականի հունվարի 1-ից արդեն այդ նվազումը կկազմի 65 տոկոս։ Կարճ sms-հաղորդագրությունների գինը կնվազի շուրջ 65 տոկոսով, 2021 թվականի հունվարի 1-ից կունենանք  75 տոկոս նվազեցում»,- հայտարարեց Բաղրամյանը:

Գազի հարցը պարզ չէ

Եվ այդքան շատ սպասված գազի սակագնի փոփոխության մասին: Գազի գնի մասին դեռ նորություն չկա՝ բանակցություններն ընթացքի մեջ են: Հարցին, իսկ ապրիլ ամսից հետո գազի սակագնի ի՞նչ փոփոխություն է հնարավոր սպասել.

«Կարծում եմ՝ այս փուլում դեռևս վաղ է խոսել, որ ապրիլից փոփոխություն կունենանք, բայց ի՞նչ տեսքով և ինչպե՞ս, դա ես չեմ կարող ասել, քանի որ բանակցություններն ընթանում են և ավելի ակտիվ փուլ կմտնեն հունվար-փետրվար ամիսներին: Հարցը մեծապես կախված է նրանից, թե սահմանին ինչ գին կլինի, իսկ դա հունվար-փետրվար ամիսներին պարզ կլինի»,- նշեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ