...

Իջեցված նշաձողը՝ «թարս աճած խիյար»

Իջեցված նշաձողը՝ «թարս աճած խիյար»

Երևանում ավելի քան մեկ ամիս շարունակվող փողոցային պայքարը ոչ միայն ձևով է տարօրինակ ու ծիծաղաշարժ (մեղմ ասած), այլև բովանդակությամբ։ Ձևը դեռ ոչինչ։ Դե հիմա մարդիկ են, փողոցներում քայլում են, երգեր են լսում, ոստիկաններին «թուրք» են ասում, բերման ենթարկվելիս անկեղծորեն վստահ են, որ դա հանուն Արցախի են անում, ավելին՝ երևի համոզված են նաև, որ Քոչարյանի, Սաշիկի կամ Լիսկայի որդիներն իսկապես հայրենիք են փրկում․․․ Բայց «էքշընի» դիտարժանությունը կարծես թույլ չի տալիս ընկալել, որ միայն դա չէ, բովանդակությունն էլ է անհեթեթ։

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, օրինակ, թե ինչ իմաստ ունի այս կամ այն չինովնիկին «չամռվելը»՝ ստիպելով, որ նա հայտարարի, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե մենք պնդում ենք, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցում վճռորոշ պիտի լինի արցախցիների կարծիքը, ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ է մտածում այդ մասին, օրինակ, ՀՀ բնապահպանության նախարարության որևէ վարչության պետի քարտուղարուհին կամ որևէ բուհի պրոռեկտորը։ Սրանք էլ իրենց հերթին մի ուրիշ «սորտ» են՝ փախչում են, թաքնվում են, մտնում են սեղանների տակ, ինչ-որ բաներ են կմկմում, մի խոսքով՝ վախենում են «շեֆը» ջղայնանա ու գործից հանի, մինչդեռ կարող էին ընդամենը պատասխանել, որ Արցախի կարգավիճակը արցախցիները պիտի որոշեն։ Եվ վերջ։ 

Կամ, ասենք, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են Ստեփանակերտում բազմահազարանոց հանրահավաք կազմակերպում ու Հայաստանի իշխանություններից պահանջում, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Հանրահավաքներն այն ժամանակ էր պետք կազմակերպել, երբ Քոչարյանն Արցախը հանում էր բանակցություններից ու «վոյինի» կեցվածքով հայտարարում, թե ինքը բանակցություններում կներկայացնի և՛ Հայաստանը, և՛ Արցախը։ Բա այն ժամանակ բողոքեիք, ասեիք՝ չէ, մենք մեր լիազորությունները որևէ մեկին չենք պատվիրակում։ Թե՞ Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին «չուժոյ» էին համարում ու վերջապես Երևանում ի դեմս Քոչարյանի «սվոյ» իշխանություն էին տեսել։ 

Նիկոլ Փաշինյանն էլ մյուս կողմից է սովորության համաձայն՝ առանց երկար-բարակ մտածելու, մտել այս անհեթեթ շրջապտույտի մեջ․ նշաձող է իջեցնում, նշաձող է ծռում ու ծեփում պատերին․․․ Մեկը չկա ասի՝ ա՛յ տարերային աղետ, դու ի՞նչ գործ ունես այդ նշաձողի հետ, որևէ մեկը քեզ լիազորե՞լ է խոսել Արցախի անունից, առավել ևս՝ Արցախի կարգավիճակի հարցով։ Բայց՝ չէ, ինքը պողպատյա մանդատ է ստացել ու «էն տղեն ա», որ մի օր իրեն Քրիստոսի հետ է համեմատում, մյուս օրը՝ Պապ թագավորի կամ Տիգրան Մեծի, ու կարող է նույն ելույթում մեջբերումներ անել և՛ Աստվածաշնչից, և՛ «Կարգին հաղորդումից», հետևաբար՝ քիթն ամեն ինչի մեջ պիտի խոթի։ 

Իրականում այս հարցը բավականին պարզ լուծում ունի։ Արցախում հանրահավաքների ու դպրոցականների շուրթերով «Նիկոլ-դավաճան» վանկարկելու փոխարեն պետք է հանրաքվե կազմակերպել՝ ընդամենը մի հարցով․ «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լիազորված լինեն բանակցել նաև Արցախի անունից, այդ թվում՝ վերջնական կարգավիճակի հարցով» (ձևակերպումը կարելի է մշակել)։ Եթե այո՝ այո, եթե ոչ՝ թեման փակվում է, և կարգավիճակի հարցով բանակցություններին Արցախի մասնակցությունն անվիճարկելի է դառնում։ Դրանից հետո «թուրք» կամ «դավաճան» Նիկոլն ինչքան ուզում է՝ թող նշաձող իջեցնի։ 

Բայց ընդդիմությանը երևի ավելի ձեռնտու է ոչ թե նրա ձեռքից այդ նշաձողը վերցնելը, այլ նրա ձեռքին թողնելն ու դա որպես գործիք օգտագործելով իշխանությունը վերադարձնելը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ