...

Ինչ հետևանքներ կունենա տաք ձմեռը

Ինչ հետևանքներ կունենա տաք ձմեռը

Դեռ վտանգ չկա

«Հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը դեռևս վտանգ չի ներկայացնում գյուղատնտեսության համար»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վստահեցնում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:

Գիշերային ժամերին հողի մակերևույթին ցածր ջերմաստիճան է գրանցվում, ինչը վատ չէ: Այս պահի դրությամբ գյուղատնտեսը որևէ խնդիր չի տեսնում: 

«Արարատյան դաշտում գիշերային ժամերին օդում -2- -3 աստիճան է, իսկ դա նշանակում է, որ հողի մակերևույթին ավելի ցածր ջերմաստիճան է: Այնպես որ, հողը սառն է: Դեռևս ցերեկային օրվա տևողությունը կարճ է, և բույսը չի կարողանում ակտիվ գործընթացների մեջ գտնվել, էական փոփոխություններ բույսի մոտ չեն կարող տեղի ունենալ: Այս պահի դրությամբ որևէ վտանգ, որևէ խնդիր չկա»,- իր դիտարկումները ներկայացրեց փորձագետը:

Այս օրերին հատկապես ֆեյսբուքյան օգտատերերը բողբոջներն ուռած ծառերի կամ թփերի լուսանկարներ են հրապարակում: Փորձագետը նկատում է՝ սովորաբար ձմռանը և վաղ գարնանը, երբ օդի ջերմաստիճանը համեմատաբար բարձր է լինում, միշտ էլ խոսակցություններ են շրջանառվում, որ արդեն ծառերի բողբոջներն ուռել են: Ըստ Պետրոսյանի՝ առանձին ծառատեսակների դեպքում նման երևույթներ կարող են լինել:

«Դեկորատիվ բուսատեսակների մոտ, որոնք, իհարկե, առանձնապես հարկադրական հանգստի չեն անցնում ձմռան ժամանակահատվածում, նրանց մոտ ինչ-որ բան նկատվում է, բայց դա չի կարելի ընդհանրացնել և տարածել գյուղատնտեսական մշակաբույսերի վրա: Եթե ինչ-որ խնդիրներ հետագայում լինեն, դրանք հնարավոր է նկատելի լինեն Մեղրու տարածաշրջանում և հյուսիս-արևելքում՝ հատկապես Նոյեմբերյանի, Բերդի տարածաշրջաններում: Համենայնդեպս, այս պահի դրությամբ հանրապետության որևէ տարածաշրջանում որևէ վտանգ չեմ տեսնում»,- ընդգծում է Գառնիկ Պետրոսյանը:

Կիսադատարակ՝ ջրամբարներ

Անձյուն ձմեռ բացասական հետևանքներն այս պահի դրությամբ ջրամաբարներն են կրում: Նախորդ տարվա համեմատ, բացառությամբ Սևանա լճի և Ախուրյանի ջրամբարի, մնացած ջրամբարներում բացասական հաշվեկշիռ է գրանցվել: Բայց գյուղատնտեսը այս փաստն էլ մտահոգիչ չի համարում: Գարնանային անձրևները ջրամբարները կլցնեն: 

«Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում, մենք երկար ժամանակ ունենք մինչև գարուն՝ ոռոգման սեզոն: Տարիներ են եղել, երբ լեռնային տարածաշրջաններում ունեցել ենք մետրից ավել ձյան ծածկույթ, հետագայում ունեցել ենք կիսադատարակ ջրամբարներ և հակառակը՝ չենք ունեցել ձյան ծածկույթ կամ ունեցել ենք թույլ ձյան ծածկույթ, սակայն, գարնանային առատ տեղումների հետևանքով, կայուն ջրապաշար ենք ունեցել ջրամբարներում: Այնպես որ, վաղ է նման կանխատեսումներ անելը»,- շեշտեց նա: 

Աշնանացանը տուժել է

Որոշակի խնդիրներ են առաջացել աշնանացանի հետ: Մասնագետը ստեղծված իրավիճակը տաք ձմռան հետևանք չի համարում: Երևույթն ի հայտ է եկել դեռ աշնանը:

«Երկարատև տեղումների բացակայության պատճառով շատ դժվար է հողի մշակությունը, վարի աշխատանքներ կատարելը: Շատ դեպքերում ցանք կատարվեց, և խոնավության ոչ բավարար առկայության պայմաններում առանձին ծլարձակած բույսեր ուղղակի չորացան, որոշակի հատվածներում՝ մասնավորապես Սյունիքում, Սիսիանի տարածաշրջանում, Շիրակի առանձին հատվածներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում դեռևս աշնանից խնդիր ունեցանք, բայց դա ցրտահարության հետ կապ չունի: Պարզապես հողում բավարար քանակի խոնավության բացակայության հետևանք է»,-  մատնանշեց փորձագետը:

Տաք ձմռան սառը հետևանքների մասին գյուղատնտեսները կարող են ավելի փաստարկված խոսել հաջորդ ամսվա կեսերից: Այս պահին վաղ են համարում լուրջ խնդիրների մասին կանխատեսումները: 

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ