...

Ինչո՞ւ է շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել

Ինչո՞ւ է շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել

Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները: Վերջին օրերին նման պատահարների պակաս չկար: 

Գրանցված վերջին դեպքը դեռ թարմ է: Երեկ Երևանի տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 26-ամյա աղջիկը այրվածքներով հոսպիտալացվել էր: Շաբաթներ առաջ էլ Նոր Հաճնում շմոլ գազի թունավորումից 77-ամյա տատն ու նրա 4 անչափահաս թոռներն էին մահացել: Նախնական տվյալներով՝ բնակարանում ծխատարը փակ է եղել:

Այս տարի շմոլ գազի թունավորումների հետևանքով գրանցված զոհերի թիվն ավելացել է: 

Նախորդ տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում գրանցված շմոլ գազից թունավորումների վերաբերյալ 261 ահազանգ է ստացել: 1 զոհ է գրանցվել, իսկ 537 մարդ տուժել է:

Ընթացիկ տարում ԱԻՆ-ը շմոլ գազի թունավորումների վերաբերյալ 248 կանչ է գրանցել: Գրանցված շմոլ գազի թունավորումից արդեն 13 զոհ և 510 տուժած ունենք: 

Ի դեպ, 2 տարվա ընթացքում էլ շմոլ գազի թունավորումներից առաջատարը մայրաքաղաք Երևանն է, գրանցվել է 116 ահազանգ:

Ըստ ԱԻՆ-ի՝ անցյալ տարի Լոռու մարզում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից տուժեց 1 մարդ:
Այս տարվա ընթացքում գազի արտահոսքով պայմանավորված պայթյուններ գրանցվեցին՝ 3 դեպք մայրաքա­ղաքում, 1-ական դեպք Արագածոտնի, Կոտայքի (1 տուժած) և Սյունիքի մարզերում: 

«Դեպքերի մեղավորը և՛ սպառողն է, և՛ պատկան կառույցը»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը

Վերջինիս խոսքով, երբ ներդրվեց գազասպառման ներտնային համակարգը, խնդիրը կարգավորվեց:

«Դա շատ կարևոր համակարգ է, որի գործածությունից հետո դեպքերի թիվը կտրուկ նվազել է: Կա պարամետր, որը գազի արտահոսքը ֆիքսում է, իսկ շմոլ գազի՝ ոչ լրիվ այրումը, ֆիքսելն ավելի բարդ է»,- մատնանշեց Պողոսյանը:

Դեպքերի ավելացման հետ կապված Սպառողների միության նախագահն այլ խնդիր է տեսնում:

«Այստեղ կա նաև մեթոդական խնդիր, այսինքն՝ գազի ամբողջ համակարգում մեծ չափով կրճատումներ եղան: Ես կարծում եմ, որ այդ երևույթնների միջև կապ կա: Երբ Ռուսաստանը գազը թանկացրեց, մեր կառավարությունը որոշեց, որ սպառողին գազը կհասնի նախկին գնով, գոյացավ տարբերություն, որը «Գազպրոմն» իր ռեսուրսներով պետք է ծածկի: Նրանք էլ ստիպված անցան կրճատումների»,- նկատեց նա:

Սպառողների շահերի պաշտպանի գնահատմամբ՝ հաճախ հենց օգտագործողը չի պահպանում անվտանգության կանոնները: Հաճախ անգամ տրված ցուցումները սպառողներն արհամարհում են ու ավանդական ձևերով կիրառում:

«Արդյոք բոլորը գիտե՞ն, եթե խոհանոցում կա գազի սարք, դուռը պետք է հատակին չկպչի: Չեմ կարծում՝ այս կանոնի մասին բոլորն իմանան: Եվ այս նորմը, բնականաբար, չի պահպանվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս հարցում նա նաև կարևորում է պատկան կառույցի հետևողական աշխատանքը:

«Եթե բնակարանում կա զառամյալ, փոքր երեխա, այդ բնակարաններին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Պետք է գազի տեսուչները տարին 2 անգամ այդ բնակարաններ այցելելով չբավարարվեն: Օդատարները, ծխատարները պետք է լավ նայեն, նոր հավանություն տան, որ տվյալ բնակարանի գազամատակարարումը շարունակվի»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1665 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ