...

Ինքնագովազդի հերթական տաղավարը՝ Աղավնո

Ինքնագովազդի հերթական տաղավարը՝ Աղավնո

Դեռ 14 օր ժամանակ կա, և ճիշտ կլինի, եթե քաղաքական ուժերը, տարբեր տրամաչափի փրկիչներն ու «հանրային դեմքերը» հերթագրվեն՝ Աղավնոյում ինքնագովազդվելու համար։ Ցանկացողները շատ են, որովհետև պայմաններն իսկապես իդեալական են․ թեման բոլոր առումներով հայրենասիրական է, հուզական ֆոնն ապահովված է, բնության տեսարանները շատ գեղեցիկ են, ու անելու բան էլ առանձնապես չկա։ Պետք է պարզապես գտնել այնպիսի կետ, որտեղից և՛ գետակը երևա, և՛ գյուղը, և՛ լեռները (իսկ եթե հեռվում ինչ-որ տեղ ադրբեջանական դրոշ էլ երևա՝ ընդհանրապես իդեալական կլինի), դեմքի խրոխտ արտահայտությամբ մի 5 րոպե ճառ ասել այն մասին, որ ինքը հենց հիմա այստեղ է և բոլորին կոչ է անում ճառ ասելու փոխարեն գալ ու իր հետ զենքով պաշտպանել Աղավնոն, հետո «live»-ը անջատել, տեղը զիջել փրկիչների հաջորդ խմբին ու վերադառնալ Երևան։ Իհարկե՝ խնամքով «սեյվ անելով» տեսագրությունը, որովհետև օգոստոսի 25-ից հետո, երբ մի քիչ հովանա, և ընդդիմությունը վերադառնա արձակուրդից, այդ կադրերը հաստատ պետք կգան։

Ասվածի մեջ հեգնանք չկա, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտն այսօր հենց սրանով է զբաղված։ Նույնիսկ լրջորեն «վերլուծում է», թե կոնկրետ ո՞վ է մեղավոր, որ Բերձորի ու Աղավնոյի դեպքում այս վիճակում հայտնվեցինք, և կարելի՞ էր արդյոք խուսափել դրանից։ Սա արդեն իսկապես մառազմ է։ Պատկերացրեք՝ մեկը բոլորի աչքի առաջ հրդեհել է, ասենք, 5 հարկանի շենքը ու դեռ շարունակում է ոգևորված վազվզել շենքի շուրջ՝ սպառնալով ասֆալտին փռել ցանկացած մեկին, ով կփորձի մարել հրդեհը, իսկ հավաքված մարդիկ քննարկում են, թե տեսնես կոնկրետ ո՞վ է երրորդ հարկի հրդեհի մեղավորը, և արդյոք հնարավո՞ր էր փրկել չորրորդ հարկի ձախ թևի բնակարանի խոհանոցը։

Իսկ Նիկոլին այդ «քննարկումները» ձեռնտու են, որովհետև օգնում են հասարակությանը ոչ թե միանգամից, այլ փոքր դոզաներով «կերցնել» իր բերած ահռելի աղետը։ Օրինակ՝ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ նա խոսեց «նշաձողը մի փոքր իջեցնելու» մասին, և Հայաստանում ու Արցախում մեծ աղմուկ բարձրացավ։ Հետո այդ «մի փոքր իջեցնելը» վերածվեց նրան, որ նույն Նիկոլն աղաչում-պաղատում է Ալիևին ընդունել, որ «Լեռնային Ղարաբաղ» անունով միավոր այնուամենայնիվ գոյություն ունի։ Բայց հիմա ո՞վ է հիշում դրա մասին։ Օգոստոսի սկզբին՝ լարվածության կտրուկ աճ, մի քանի օր անց՝ հստակ խոստում 20-օրյա ժամկետում միջանցքը հայաթափելու մասին, և նախորդ «մի փոքր» նահանջը մոռացվեց։ Սեպտեմբերի սկզբներին էլ Բերձորն ու Աղավնոն են մոռացվելու, որովհետև պարզվելու է, որ «նոր ճանապարհի» վրա ռուս զինվորականները (սկզբում՝ միայնակ, հետո՝ ադրբեջանցիների հետ համատեղ) շատ խիստ են վերահսկելու ցանկացած շարժ, և ճանապարհը գործնականում փակ է լինելու։ Եվ կրկնվելու է նույնը․ ուղիղ եթերներ անցակետի մատույցներից, ռազմահայրենասիրական կոչեր՝ հենց հիմա ջոկատներ կազմել ու բացել ճանապարհը, ֆեյսբուքյան ճակատամարտեր, մի խումբ երիտասարդներ «Թույլ չենք տա փակել կյանքի ճանապարհը» պաստառով կմտնեն խաղադաշտ՝ այս անգամ «Փյունիկ»-«Շերիֆ» խաղի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանին տուն հասցրած տաքսու վարորդը «Ջիհադ Ան-Նուսրա» խմբավորումից կլինի․․․ 

Այդպես է, եթե պետություն չկա՝ ամեն մեկը պիտի փորձի իր կարողությունների և ինտելեկտի չափով «մարել հրդեհը»։ Բայց դա հնարավոր է անել միայն պետական մակարդակով, հետևաբար՝ առաջին հերթին պիտի պետականությունը վերականգնել։ Մինչդեռ մեզանում թեժ մրցակցություն է, թե ով առավելագույն օգուտներ կքաղի պետության բացակայությունից։ Իսկ այդ հարցում ինքնագովազդն ամենակարևորն է։ Աղավնոյում, Ստեփանակերտում, Մեղրիում․․․ Ի՞նչ տարբերություն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1157 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ