...

Իրական և էմոցիոնալ դավաճանության միջև

Իրական և էմոցիոնալ դավաճանության միջև

Եվ այսպես, Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար ու հայտարարել, որ եթե Հայաստանի իշխանությունները չապամոնտաժեն «Նեմեսիսի» հուշարձանը՝ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։ Նիկոլ Փաշինյանն էլ չքմեղացել է, թե ինքը դրա հետ կապ չունի, դա քաղաքային իշխանություններն են արել, և ընդհանրապես՝ դա սխալ որոշում էր, բայց եթե այլ որոշում ընդունվեր՝ իրեն դավաճան կանվանեին։ Մի խոսքով՝ «ժողովուրդ ջան, ես դավաճան չեմ, ես ընդամենը հիմարություն եմ արել, բայց դա արել եմ հենց նրա համար, որ ինձ դավաճան չասեք»։

Իրականում սա բացահայտ կեղծիք է ու մարդկանց ուղեղները լվանալու հերթական փորձ։ Փաստացի տեղի է ունենում հետևյալը։ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարում է, թե Հայաստանի անվտանգության և որպես պետություն գոյություն ունենալու երաշխիքը «համապարփակ խաղաղությունն» է՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու եղանակով, հետևաբար՝ հենց դա է Հայաստանի բացարձակ պետական շահը, ու հենց ինքն էլ կատարում է կոնկրետ քայլ, որը կտրուկ նվազեցնում է «հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու» շանսերը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանում է իր իսկ ձևակերպած պետական շահերին, կամ, այլ կերպ ասած, իր իսկ պատկերացմամբ՝ պետական դավաճանություն է գործում։

Իսկ ինչո՞ւ է այդպես վարվում՝ եթե հաշվի առնենք, որ նախ՝ «Նեմեսիս» հուշարձանը չէր կարող բացվել առանց իր հետ համաձայնեցնելու, և երկրորդ՝ նա չէր կարող չհաշվարկել Թուրքիայի «պատասխան քայլերը»։ 

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին «ատչոտ» ունի տալու։ Իշխանության գալուց հետո նա մերժեց Լավրովի պլանը, որպեսզի իրեն դավաճան չասեն, հետո չկանգնեցրեց պատերազմը, որպեսզի իրեն դավաճան չասեն, ամեն ինչ կործանելուց հետո արդարացավ, թե «զատո» խաղաղության դարաշրջանը կբացվի, շրջափակումը կվերանա, Թուրքիան ճանապարհները կբացի․․․ Բայց պատերազմից երկուսուկես տարի անց ոչ խաղաղությունը կա, ոչ Թուրքիան է ճանապարհները բացել, ու Նիկոլը պիտի պատասխանի այդ հարցին՝ «բա ո՞ւր է խոստացածդ ապաշրջափակումը, ինչո՞ւ ամեն ինչ զիջեցիր ու փոխարենը ոչինչ չստացար»։ Նա, իհարկե, ի սկզբանե գիտեր, որ Թուրքիան ոչ մի ճանապարհ էլ չի բացելու, բայց պետք էր այդ իրավիճակն արդարացնելու համար ինչ-որ քայլ մտածել։ Այնպիսի քայլ, որը Թուրքիային հնարավորություն կտա մերժել «համապարփակ խաղաղությունը», բայց՝ այնպես, որ Հայաստանում Նիկոլին դավաճան չասեն։ Եվ այդպիսի քայլ գտնվեց։ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը «Նեմեսիս» հուշարձան բացելու համար հաստատ դավաճան չի անվանի, հակառակը՝ կգտնվեն մարդիկ, որոնք դա կգնահատեն որպես նրա «թաքուն հայրենասիրության» ապացույց, ու կստացվի, որ «խաղաղության օրակարգի» փլուզման պատճառը ոչ թե Նիկոլի հիմարությունն է, այլ հայրենասիրությունը։ Իսկ եթե Թուրքիան շարունակի ճնշումները՝ ինքը, որպես «միջին վիճակագրական քաղաքացի» և «ժողվարչապետ», ծայրահեղ դեպքում կարող է Երևանում հանրաքվե անցկացնել հուշարձանն ապամոնտաժելու հարցով։ Եթե երևանցիները մերժեն՝ կստացվի, որ «խաղաղության օրակարգի» ձախողման մեղավորը ժողովուրդն է, եթե համաձայնվեն՝ կասի «հիմա տեսա՞ք ով ա դավաճանը»։

Այլ տարբերակ պարզապես չունի, որովհետև հուշարձանը քարից է, ու «անհայտ չարագործները» չեն կարող «պատահաբար հրկիզել», ոչ էլ կարող են վերանորոգման անվան տակ «ժամանակավորապես փակել» ու հետո մոռանալ բացել․․․ 

Ահա այդպես է լինում, երբ ոչմիթիզականն ու կապիտուլյանտը համատեղվում են իզմ-եր չունեցող մի օրգանիզմում, որի միակ իրական «առաջնահերթությունն» իր ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարումն է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   816 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ