...

Իշխանությունը լեգիտիմ է երկու երրորդով

Իշխանությունը լեգիտիմ է երկու երրորդով

Հեղափոխության առաջնահերթ պատճառը իշխանությունների ոչ լեգիտիմությունն էր կամ առնվազն դրա լուրջ դեֆիցիտը: Այդ համոզմունքը կար նաև աշխարհում, և դրա պատճառով գործընթացն ընկալելի էր միջազգային հանրության համար: Մնացած բոլոր խնդիրներն ածանցյալ էին և հետևանք ոչ լեգիտիմությանը: 

Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց գործող իշխանությունը չի կարողացել ստեղծել ամբողջովին լեգիտիմ իշխանություն: Խնդիրը լուծված է միայն երկու երրորդով: Դատական իշխանությունը նույնքան կարևոր իշխանության ճյուղ է, որքան գործադիրը և օրենսդիրը:

Քոչարյանը և Սարգսյանը լեգիտիմ չէին, ուստի չեն կարող լեգիտիմ համարվել նրանց կողմից նշանակված դատավորները: Չի կարող ոչ լեգիտիմն ունենալ լեգիտիմ նշանակումներ: Վնգստալը քաղաքական կատեգորիա չէ, բայց լեգիտիմության բացակայությունը և դրա հետևանքով դատական համակարգում անտերության իրավիճակը շատ կոնկրետ քաղաքական կատեգորիաներ են:

Նկարագրվածի կոնկրետ դրսևորում է առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ազատության մեջ թողնելը:

Տարիներ շարունակ հարյուրավոր երեխաներ հանցավոր շղթայի արդյունքում խլվել են իրենց ծնողներից և դարձել վաճառքի առարկա: Այս շղթայի անխափան գործունեության համար անհրաժեշտ է մի շարք պետական կառույցների սինխրոն և համակարգված աշխատանք: Բազում փաստաթղթերի առկայություն և արգելքների շրջանցում է անհրաժեշտ, որպեսզի երեխան խլվի ծնողներից և հանձնվի օտարերկրացիներին: Միայն գլխավոր գինեկոլոգի մակարդակով հնարավոր չէ այսպիսի հանցավոր խումբ ձևավորել և տարիներ շարունակ չհայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Ռազմիկ Աբրահամյանը պետք է օր առաջ մեկուսացվեր, որպեսզի չկարողանար հարաբերությունների մեջ մտնել իր հովանավորների հետ: Նա պետք է հստակ հասկանար, որ իրեն չեն օգնելու նախկինները և միակ ճանապարհը նախաքննության հետ համագործակցելն է: Իսկ հիմա նա հասկանում է, որ նախկիններն ունեն լծակներ, և ինքը կարող է դեռ տարիներ մնալ դրսում, մինչև կընթանա երկարատև դատաքննությունը: Իսկ մինչ այդ, ինչ իմանաս, ինչ զարգացումներ կարող են լինել:

Հայաստանում կար արդարության մեծագույն դեֆիցիտ: Դատարանները տասնամյակներ շարունակ լրջագույնս նպաստել էին այդ դեֆիցիտի ձևավորմանը: Գործող իշխանությանը դեռևս չի հաջողվել վերացնել այդ դեֆիցիտը, իսկ դա իր մեջ մեծ մարտահրավերներ է պարունակում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ