ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է «խաղաղության դարաշրջանին» ու հայտարարել, թե մենք պիտի կոտրենք այն կարծրատիպը, որ չենք կարող խաղաղ ապրել մեր հարևանների հետ, իսկ եթե չկարողանանք՝ միշտ մնալու ենք նույն տեղապտույտի մեջ, որը մեզ միշտ նոր աղետներ է բերելու։ Ասողն Արսեն Թորոսյանն է, բայց ակնհայտ է, որ այսպես են մտածում բոլոր «գաղափարական» իմքայլականները (այսինքն՝ այն հատուկենտ առանձնյակները, որոնք միայն ստամոքսով ու ստորին վերջույթներով չեն մտածում), հետևաբար՝ արժե սրան ավելի հանգամանորեն անդրադառնալ։
Ընդհանուր առմամբ սա, իհարկե, ճիշտ միտք է։ Այո, ոչ մենք ենք վերանալու կամ տեղափոխվելու մեր տարածաշրջանից, ոչ էլ թուրքերն ու ադրբեջանցիները, հետևաբար՝ պետք է խաղաղ գոյակցության ինչ-որ մոդելներ մշակել։ Միայն մի հարց՝ իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կամ նրա «գաղափարականները» սա չէին ասում մինչև 44-օրյա պատերազմը։ Չէ՞ որ այդ հնարավորությունը կար, Նիկոլն էլ դեռ այնքան բարձր վարկանիշ ուներ, որ հեծանիվ էր քշում ու համարյա առանց թիկնապահների Երևանի փողոցներում սելֆիներ անում, այսինքն՝ «կարծրատիպեր կոտրող տղա» էր։
Իրականում Նիկոլ Փաշինյանը դեռ այն ժամանակ էր մտածում, որ պետք է «կոտրել այդ կարծրատիպը», դուրս գալ «մշտական տեղապտույտից» և «կոմպրոմիսային լուծումներով» հարևանների հետ խաղաղ գոյակցության ուղիներ փնտրել։ Բայց ինչպե՞ս։ Հնարավոր տարբերակները երկուսն էին։ Առաջին՝ անկեղծորեն խոսել ժողովրդի հետ, ներկայացնել «կոմպրոմիսային լուծումները» (պարզ ասած՝ «նշաձողն իջեցնելու» պատրաստակամություն հայտնել) և բացատրել, որ եթե դա չանենք՝ մնալու ենք նույն տեղապտույտի մեջ, որը մեզ «միշտ նոր աղետներ է բերելու»։ Եվ երկրորդ՝ հրահրել պատերազմ, ջախջախման տանել բանակը, մի ամբողջ սերունդ կործանել և արդյունքում՝ ստեղծել մի վիճակ, որտեղ «հարևանների հետ խաղաղ գոյակցելը» մեզ ուղղակի կպարտադրվի՝ ստորացուցիչ պայմաններով և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ։
Առաջին տարբերակով գնալու դեպքում մենք կպահպանեինք բանակը, կպահպանեինք ամբողջ նախկին ԼՂԻՄ-ը՝ ինքնավարության շատ բարձր կարգավիճակով և Լաչինի միջանցքը՝ առնվազն 20 կիլոմետր լայնությամբ, կպահպանեինք հազարավոր երիտասարդների կյանքը, կպահպանեինք մեր դերը՝ որպես տարածաշրջանում ինքնուրույն գործոն, բայց՝ վտանգ կար, որ այդ դեպքում Նիկոլին կմեղադրեին «քիրվայության» մեջ։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը։ Ընդ որում՝ ընտրեց գիտակցաբար։ Նրա տրամաբանությամբ՝ եթե մարտունակ բանակ չունենանք, եղածն էլ մնա հոգեբանորեն ճնշված վիճակում, ժողովուրդն ավելի հեշտորեն կընդունի հայրենիքի մի մասից հրաժարվելու դիմաց հարևանների հետ խաղաղ ապրելու հեռանկարը, այսինքն՝ կարծրատիպն ավելի հեշտորեն կկոտրվի։ Դրա համար էլ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցրեց, դրա համար էլ առ այսօր բանակը հոգեբանորեն ջախջախված վիճակում է պահում՝ օրումեջ լրտեսներ ու դավաճաններ բացահայտելով․․․ Որովհետև եթե կարևորը «կարծրատիպեր կոտրելն» է, ուրեմն հանուն դրա կարելի է ցանկացած գին վճարել։ Ավելին՝ նա այնքան ինքնամոռաց է մտել ցանկացած գին վճարելու պատրաստ մարդու դերի մեջ, որ հնարավոր է՝ նույնիսկ նեղվի, եթե իրենից պահանջեն ավելի քիչ, քան ինքը պատրաստ է տալ։
Ճիշտ և ճիշտ հայտնի անեկդոտի այն հերոսուհու պես, որին հրավիրում են Ստամբուլ՝ տարեցներին խնամելու աշխատանք խոստանալով, ու նա մի շաբաթ անց նամակ է գրում ընկերուհուն՝ «խայտառակ վիճակ է, էս ապուշները փոխանակ անձնագիրս խլեին ու ինձ տանեին հասարակաց տուն՝ իսկականից էլ ինչ-որ պառավների եմ խնամում»։
Մարկ Նշանյան