...

Ջայլամի պոզա ընդունելու մանդատը

Ջայլամի պոզա ընդունելու մանդատը

Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու հետաքրքիր հայտարարություն արեց։ Առաջին՝ կան ՀՀ տարածքներ, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, և երկրորդ՝ տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման հարցում «արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ»։ 

Թե ՀՀ որ տարածքներն են գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ շատ լավ հայտնի է․ Սև լճեր, Վերին Շորժա, Ներքին Հանդ և այլն։ Իսկ թե ադրբեջանական այդ ինչ տարածքներ են, որ գտնվում են ՀՀ վերահսկողության տակ՝ Նիկոլ Փաշինյանը չի կոնկրետացնում։ Ըստ երևույթին՝ խոսքն անկլավների մասին է։ Ուշադրություն դարձրեք՝ Ալիևի մտքով չի էլ անցնում ընդունել, որ ՀՀ տարածք է ներխուժել, իսկ Նիկոլը Հայաստանի «ագրեսիան» հեշտությամբ ընդունում է։ Ինչ վերաբերում է «տարընթերցումներ» նրբագեղ ձևակերպմանը, ապա Նիկոլը դրա փոխարեն կարող էր պարզ ասել, որ Ալիևին Հայաստանի ճանապարհները պետք չեն, նա ոչ թե ճանապարհ է ուզում, այլ սուվերեն միջանցք։ Այլ կերպ ասած՝ իրողությունը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում համաձայնվել է վերադարձնել անկլավները, բայց նույնիսկ այդ դեպքում ճանապարհները չեն բացվելու։ Ալիևը մի թեթև «տարընթերցել է» Նիկոլի «խաղաղության դարաշրջանը»։

Հիմա՝ քաղաքական դաշտի արձագանքների մասին։ Իշխանություններն ու նրանց «հաճախորդները», հասկանալի է, ձևացնում են, թե չեն հասկանում այս ամենը։ Ընդդիմադիր դաշտում էլ, սովորության համաձայն, ամեն ինչ վերածում են շոուի ու նույնիսկ ֆլեշմոբի նման մի բան են սկսել՝ «ես, այսինչ այսինչյանս, Նիկոլ Փաշինյանին չեմ լիազորում․․․» և այլն։ Գաղափարն, իհարկե, լավն է, բայց՝ ոչ որպես քաղաքական ծրագիր, այլ որպես թամաշա։ Որովհետև եթե հասարակությունը Նիկոլին չի լիազորում, ասենք, ընդունել Ալիևի ներկայացրած 5 կետերը, դա նշանակում է, որ չի լիազորում նաև մերժել դրանք։ Այնպես չի լինում, որ ինչ-որ հարցերում լիազորես, ինչ-որ հարցերում՝ ոչ։ Եթե ինչ-որ մեկն իրավունք չունի, ասենք, Հայաստանի անունից կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն իրավունք չունի նաև Հայաստանի անունից պատերազմ հայտարարել։ Այսինքն՝ խնդիրը հասարակության վստահությունը վայելող և դրանով իսկ Հայաստանի անունից հանդես գալու մանդատ ունեցող իշխանությունների ձևավորումն է։ Ընդ որում՝ դրան հավակնող ուժերը պարտավոր են նախապես շատ հստակ ասել, թե ինչպես են պատրաստվում օգտագործել այդ մանդատը (հակառակ դեպքում հասարակությունն ինչպե՞ս պիտի մանդատ տա որևէ ուժի, եթե չգիտի, թե ինչպես է օգտագործվելու այն)։ 

Միայն թե չասեք՝ անցած տարի Նիկոլն այդ մանդատը ստացել է։ Նա, եթե հիշում եք, ասում էր «ոչինչ, մեր գերիները երկու ամիս է՛լ կդիմանան» ու խոստանում էր, որ ճանապարհները կբացվեն։ Այսինքն՝ եթե անգամ մանդատ ստացել էր, ապա ստացել էր ա՛յդ հարցերը լուծելու համար։ Եվ ի՞նչ։ Մի տարի անց մեր գերիները դեռ Բաքվում են, ճանապարհներն էլ (հիմա արդեն ակնհայտ է) չեն բացվելու։ Այսինքն՝ նա կամ գիտակցաբար խաբել է, և մանդատը նրան պետք էր ոչ թե այդ հարցերը լուծելու, այլ, ասենք, Հովիկ Աբրահամյանի առանձնատունը վաճառելու և Ալենի ավտոպարկը թարմացնելու համար, կամ էլ կատարելապես ձախողվել է։ Ընդդիմությունն էլ, ինչպես ցույց տվեց վերջին հանրահավաքը, մանդատ է ուզում ոչ թե ինչ-որ բան անելու, այլ ոչինչ չանելու համար (որովհետև եթե հստակ անելիք ունենար՝ գոնե կեսբերան կասեր այդ մասին)։ 

Արդյունքում՝ ստացվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կատաղի պայքարն ընդամենը «մանդատին» տիրանալու համար է, և ոչ թե այդ մանդատն օգտագործելու տարբերակների միջև։ Ընդ որում՝ պայքարն ընթանում է շոուի բոլոր կանոններով։ Կարևորը ծափահարություններն են, իսկ «հասույթը» կարելի է նաև արտասահմաններում ծախսել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ