Տարակուսելի փաստեր
Գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են մի շարք փոփոխություններ: Կառավարության գրանցած 100 կարևոր փաստերից մեկն այն է, որ այս 8 ամիսների ընթացքում ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48 %-ով կամ 426,2 հեկտարով:
Նոր Հայաստանի մասին հրապարակված այս թարմ փաստը զարմացնում է «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանին: Նա չի հավատում, որ մեկ տարվա ընթացքում ջերմոցային տնտեսությունների մակերեսը կարող է այդքան ավելանալ:
«Հիմարություն է դա: Սուտ է: Մեկ տարվա մեջ հնարավոր չէ այդքան ծավալ գրանցել: Ես չեմ պատկերացնում նման բան, այն էլ ութ ամսում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց նա:
Ջերմոցային ասոցիացիայում երբևէ չեն հաշվել, թե հանրապետության մշակովի հողատարածքների քանակի տոկոսն են կազմում ջերմոցային տնտեսությունները: Այդպիսի մոնիթորինգի համար պետք են լուրջ ռեսուրսներ և ֆինանսներ:
Նրա խոսքով՝ նախկինում գյուղատնտեսության նախարարությունը նման հաշվարկ կատարել էր: Բայց, ըստ մեր զրուցակցի, դա ճշգրիտ թիվը չի ներկայացնում:
«Ասում են՝ Արտաշատի շրջանում այսքան ջերմատուն կա, Մասիսում՝ այսքան: Դա մոնիթորինգ չէ: Պետք է հաշվել, թե քանի հեկտար ջերմատուն կա, ինչ են մշակում, ինչ ծավալներով, որքան աշխատողներ են ներգրավված, ինչ վառելիքով է ջեռուցումը կատարվում: Դրել են դրոնով նկարել են ու թիվ են հայտնում»,- նկատեց նա:
Պողոս Գևորգյանը չի հերքում, որ վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների թիվն ավելանում է: Մեծ թվով ջերմատներ են կառուցվում, սակայն, փորձագետը նկատում է, որ դրանք չեն հիմնվում այնտեղ, որտեղ պետք է: Իսկ որտե՞ղ պետք է ջերմատներ կառուցել:
«Մենք այսօր հնարավորություն ունենք լեռնային գոտիներում ջերմատներ սարքել, այնտեղ հողն ու ջուրը մաքուր է, ինչի շնորհիվ օրգանական գյուղմթերք կարող ենք արտահանել: Լեռնային գոտիները մեզ մոտ սահմանամերձ են, ուստի մարդիկ կարող են նաև ջերմատներում աշխատել և չարտագաղթել՝ այսպիսով լուծել նաև աշխատատեղերի հարցը: Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային երկիր, որ մեր սերմերով, մեր տնկանյութերով արտադրանք տանք: Լավ որակի լոլիկ արտադրելու հնարավորություն ունենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ըստ կառավարության տվյալների՝ կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56 %-ով: «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահը նշեց, որ ջերմոցային տնտեսություններում ոռոգումը կատարվում է կաթիլային եղանակով, սակայն դարձյալ հստակ թիվ չի կարող նշել. նման վիճակագրություն չկա:
Գևորգյանի կարծիքով՝ ջերմոցային տնտեսությունները կավելանան, եթե լուծվի ջեռուցման հարցը: Գազը թանկ է, այս դեպքում ստացած եկամուտը միայն վառելիքի գինն է հանում:
Մանյա Պողոսյան