...

Կապիտուլյացիայի ներքաղաքական շահառուները

Կապիտուլյացիայի ներքաղաքական շահառուները

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Հայաստանը պարտվեց երկրորդ անգամ։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններում մարդկանց համարյա 90 տոկոսն իր ձայնը տվեց այն երեք ուժերին, որոնցից երկուսն ամբողջ երկու տասնամյակ շարունակ երկիրը տանում էին դեպի կործանում, իսկ երրորդն ուսուցիչներին գերազանցած աշակերտի հիվանդագին խանդավառությամբ ու «աննախադեպ հաջողությամբ» ավարտին հասցրեց կործանումը՝ այնպիսի մասշտաբներով, որ անգամ թշնամին չէր համարձակվի երազել։ Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից արդեն 7 ամիս էր անցել, ժողովուրդը կամաց-կամաց դուրս էր գալիս շոկից և կարող էր նաև ընկալել «ազգակործան պատուհասը կեսը կործանել է, մյուս կեսն է՛լ կկործանի» զգուշացումը, բայց այդպես չեղավ։ Ընկալողների մեծ մասն էլ որոշեց իր ձայնը տալ «կապիտուլյացիայի ներքաղաքական շահառուներին», որոնք ասպարեզ էին իջել թաղման ծեսի այն մասնակիցների նման, որ կռանում են հանգուցյալի վրա՝ իբր վերջին հրաժեշտը տալու, բայց իրական նպատակը պիջակի գրպանում պատահաբար մոռացված ճմրթված թղթադրամ գտնելն է։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը «կապիտուլյացիայի ներքաղաքական շահառուները», նախապես մերժելով պատուհասի վերարտադրությունը միասնաբար կանխելու ծրագիրը, փաստացի լեգիտիմացրեցին և՛ կապիտուլյանտին, և՛ կապիտուլյացիան։ Ու հնարավորություն տվեցին, որ նա, երփներանգ մուրճը գլխավերևում ճոճելով, շարունակի նվաստացնել սեփական երկիրը։ Երևի մտածում էին՝ դե լավ, կարևորը «նախկին հանցավորներից» լեգիտիմ ընդդիմության վերածվելն է, միևնույն է՝ վաղ թե ուշ սա նշաձող-բան է իջեցնելու, փաստաթուղթ-բան է ստորագրելու, այ այդ ժամանակ էլ Լաոյին կզարթնացնենք, Հայաստանով մեկ հուժկու «լոգիստիկ խնդիրներ կառաջացնենք» ու կվերցնենք իշխանությունը։ Իսկ եթե մուրճը, որ հենց իրենք էին տվել Նիկոլի ձեռքը, հանկարծ վերածվի ոստիկանական մահակների ու իջնի ցուցարարների գլխներին՝ հոգ չէ։ Հո անձամբ իրենց գլխներին չի՞ իջնելու, համ էլ՝ ավելի լավ, հալածյալի դերի մեջ կմտնեն, մարտի 1-ի թեմայով հակադարձելու բան կունենան․․․

Այսօր՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից մեկ տարի անց, «կապիտուլյացիայի ներքաղաքական շահառուները» գրեթե նույն կազմով, բայց ակնհայտորեն թուլացած էնտուզիազմով շարունակում են փրկել երկիրը, Նիկոլը շարունակում է իջեցնել նշաձողը՝ մինչև «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության խնդիրներ», նրա իշխանությունն օրեցօր ավելացող ցինիզմով ծաղրում է ընդդիմախոսներին ու բացահայտ հռհռում «հեղափոխության լիդերների» կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ հրապարակումների վրա, փողոցներում Նիկոլի մասին վատ արտահայտվողներին գնդակահարելը համարվում է «կենցաղային վեճ», ու հարց է ծագում՝ հնարավո՞ր է, որ գոնե այս անգամ դասեր քաղենք ու հասկանանք, որ մեկ տարի առաջ այնուամենայնիվ սխալվել ենք։ Թե՞ «կրկնությունը գիտության մայրն է» ասելով՝ ամեն անգամ պիտի նույն փոցխը տրորենք ու ամեն անգամ այլ արդյունք ակնկալենք։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ