...

Կառավարման համակարգ՝ հասարակաց տան մոդելով

Կառավարման համակարգ՝ հասարակաց տան մոդելով

Երևանի քաղաքապետին փոխելու գործընթացը և այն մթնոլորտը, որը տիրում էր ավագանու այդ՝ ինչպես դասականը կասեր, գաղջ նիստում, հերթական անգամ շոկի մեջ գցեց հասարակությանը։ Մարդկանց մեծամասնությունն անթաքույց զզվանքով էր հետևում ոհմակային ուրացման այդ հրապարակային ծեսին, ուրիշները հրճվում էին՝ տեսնելով, թե երբեմնի «հեղափոխական ընկերներն» ինչպես են միմյանց մեղադրում հնարավոր բոլոր մեղքերի մեջ, բայց ընդհանուր եզրակացությունը նույնն էր՝ «էս ովքե՞ր են էսքան ժամանակ ղեկավարել ու ղեկավարելու մեր քաղաքը»։

Իրականում այս «բոլոլան» Հայկ Մարությանի մասին չէր, ոչ էլ այն մասին էր, թե իրականում ով է «դավաճանել հեղափոխության արժեքներին»։ Ի վերջո այն, ինչ ասում էր Հայկ Մարությանը ՔՊ-ականների մասին ու ինչ ասում էին ՔՊ-ականները նրա հասցեին, որևէ մեկի համար նորություն չէր։ Մարդկանց ամենաշատը ցնցել էր այն, թե ինչպես են երբեմնի «ազնիվ հեղափոխականները», իշխանական վայելքների համը տեսնելով, ընդամենը երեքուկես տարում վերածվել մարդկային նկարագիրը կորցրած անդեմ զանգվածի, որը պատրաստ է տիրոջ հրամանով հոշոտել ցանկացածին՝ հանուն բարեկեցիկ կյանքի։

Ու հենց այստեղ է, որ հասարակության մեծամասնությունը սխալվում է։ Ոչ թե իշխանությունն է երեքուկես տարվա ընթացքում փչացրել նորմալ մարդկանց, այլ Նիկոլ Փաշինյանն է իշխանական տարբեր կառույցներում ընդգրկելու համար հատ-հատ ընտրել այն մարդկանց, ովքեր պատրաստ են հանուն «մի փոր հացի» ոտնատակ տալ ցանկացած սրբություն ու կատարել իր բոլոր քմահաճույքները (այսինքն՝ նրանց, ովքեր ի սկզբանե փչացած էին)։ Նիկոլ Փաշինյանը սա արել է գիտակցաբար ու խնամքով, որովհետև դա համարել է իր անձնական իշխանության ամրության հիմնական երաշխիքը։ Սա «նորմալ» կադրային քաղաքականություն է․ եթե մեկը ցանկանում է, ասենք, շինարարական ընկերություն բացել՝ պիտի պրոֆեսիոնալ շինարարներ հավաքի, եթե ուզում է տրանսպորտային հիմնարկություն հիմնել՝ պիտի պրոֆեսիոնալ վարորդներ գտնի, եթե ուզում է հասարակաց տուն բացել՝ պիտի հանուն փողի ամեն ինչի պատրաստ կանանց հավաքագրի․․․ Ու եթե ինչ-որ պահի ինչ-որ մեկը հրաժարվել է ամբողջովին կամ մասամբ կատարել իր քմահաճույքը, Նիկոլ Փաշինյանը դա համարել է իր կադրային սխալը, որը պետք է ուղղել։ Ընդ որում՝ առանձին բացառությունները չհաշված, Նիկոլի կադրերի կամակորությունը պայմանավորված է եղել ոչ թե սկզբունքներով, այլ ամբիցիաներով։ Նրանք պարզապես համարել են, որ իրենց անսկզբունքայնությունը բավարար չափով չի փոխհատուցվում, և իրենք պետք է դրա դիմաց ավելին ստանան։ Հիշո՞ւմ եք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ «Դոլար Արմենին» օմբուդսմեն նշանակելն էր համարում իր ամենամեծ կադրային սխալը, բայց դա որևէ կերպ չի նշանակում, չէ՞, որ «Դոլար Արմենը» գերսկզբունքային ու ազնիվ մարդ էր։

Մեծ հաշվով՝ մարդիկ բաժանվում են երկու տիպի։ Նրանք, ովքեր նյութականից բացի այլ արժեքներ չունեն և պատրաստ են հանուն բարեկեցության ոտնահարել ամեն սրբություն (այդ թվում՝ հայրենիք, ընտանիք, ընկերություն և այլն), և նրանք, ովքեր իրենց մեջ ինչ-որ արժեքներ այնուամենայնիվ կրում են և ցանկացած ստորության չէ, որ պատրաստ են գնալ հանուն փողի կամ պաշտոնի (այսինքն՝ ունեն «կարմիր գծեր»)։ Ցանկացած մեկը, ում գերխնդիրը սեփական միանձնյա իշխանությունը պահպանելն է, որպես կանոն՝ պետական համակարգը լցնում է առաջին տիպի մարդկանցով, և Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Ու պրոբլեմն այն չէ, որ պետական համակարգը լցված է մարդկային նկարագիրը կորցրած անդեմ զանգվածով։ Պրոբլեմն այն է, որ երկրի ղեկավարը պետական համակարգը կառուցում է հասարակաց տան մոդելով։ 

Ու չարժե նեղսրտել, որ այդքան շատ «համապատասխան կադրեր» է գտնում։ Ցանկացած հասարակության մեջ էլ այդպիսի «մատերիալ» կա, նույնիսկ՝ ավելի շատ, քան մեզանում։ Բայց ցանկացած հասարակություն չէ, որ այսքան հեշտությամբ է հանդուրժում նման մոդելով կառավարման համակարգ կառուցողին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ