...

Կուլակաթափության նոր ալիք լինելու է․ հարցն այն է, թե ով՝ ում

Կուլակաթափության նոր ալիք լինելու է․ հարցն այն է, թե ով՝ ում

Այնպես չէ, որ մեր ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղում։ Լավ էլ քաղում է։ Պարզապես քանի որ մենք մեր պատմությունը մեր իսկ ձեռքերով կեղծելու սովորություն ունենք՝ քաղած դասերն էլ, որպես կանոն, կեղծ են լինում։

Իսկ ահա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջողացնում է դասեր քաղել անգամ օրվա իրադարձություններից։ Ավելին՝ ապառիկով է դասեր քաղում, այսինքն՝ դեռ իրադարձությունները չավարտված, նախապես հայտարարում է, թե կոնկրետ ինչ դասեր են քաղելու իշխանությունները։ Այսպես՝ անդրադառնալով Երևանի փողոցները շինարարական տեխնիկայով փակելու փորձերին, նա հայտարարել է, թե «մենք ենք մեղավոր՝ չակերտավոր, որ այդ ընկերությունններում փայ չենք մտել» և այլն, վերջում էլ սպառնացել է, թե «ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն», ու այդ ընկերություններն այդ հետևություններին «շատ մոտիկից կծանոթանան»։ Ընդ որում՝ այդ սպառնալիքները հնչել են ի հավելումն ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի այն ակնարկի, թե այդ մեքենաները պատկանում են անօրինական ձևով հարստություն ձեռք բերածներին։

Իյա, իրո՞ք։ Ալեն Սիմոնյանը, որի եղբոր ընկերությունը, պարզվում է, ճանապարհաշինական ոչ բոլոր տենդերներն է շահում (մեկ-մեկ ուրիշ շահողներ էլ են լինում), իսկապե՞ս կարծում է, որ նախկին իշխանությունները, ի տարբերություն իրենց, փայ էին մտնում շինարարական ընկերություններում։ Բա չորս տարի է իշխանության եք, գոնե մեկին բռնեիք, ո՞ւմ էիք սպասում։ Էդ որ մեծ-մեծ խոսում եք ապօրինի հարստացածների մասին, քանիսի՞ն եք պատասխանատվության ենթարկել։ Թե՞ «շնորհքով ներխուժել-բռնել-գրավի դիմաց ազատ արձակել» սխեման տնտեսապես ավելի շահավետ էր, առավել ևս՝ որ «կամովին վերադարձված գումարների» հետագա ճակատագիրը հաշվետվության ենթակա չէր։ Չորս տարի է վայելում եք ապօրինի հարստացման ձեր իրավունքը, հունական կղզիներում ու բալիներում տժժում եք, «նախկին հանցավորների» դղյակներն եք օրինականացնում ու իրար շաբաշ տալիս, հիմա էլ այնպիսի ոգևորությամբ ու պաթոսով եք տարածում Սաշիկի որդու լուսանկարներն Ազատության հրապարակից, կարծես այդ «Գոնսալեսին» ոչ թե դուք եք ազատ արձակել, այլ Ուրուգվայի իշխանությունները։ Այնպես եք հռհռում Քոչարյանի որդու՝ փողոցներ փակելու փաստի վրա, կարծես ձեր իշխանությունը չի նրա հորը վերակենդանացրել ու քաղաքական գործոն դարձրել։ Կարծես ձեր օրոք չէր, որ «Լֆիկի ճորտերը» դարձան «հպարտ քաղաքացիներ», իսկ ճորտատերը՝ «բարեխիղճ գործարար», կարծես դուք չէիք, որ պայմանական Շմայսի փոխարեն «սեկտեմբերին» պատգամավորի մանդատ տվեցիք ինչ-որ կլոր բանի, որի պապը «1942-ին Ղարաբաղում կռվել էր գերմանացիների դեմ», կարծես ձեր ժողովրդավարության բաստիոն ուսապարկերը չէին ԱԺ դահլիճում քացի տալիս իրենց գործընկերներին, ու ձեր խմբակցության՝ «ոչ բաջանաղապետությանը» կարգախոսով որդուն քաղաքապետ դարձրած պատգամավորը չէր նախապես համաձայնեցված ուժգնությամբ թաթալոշ տալիս հատուկ հանձնարարություններով ապագա դեսպանին։

Ու հիմա, խոստովանելու փոխարեն, որ չորս տարի առաջ իշխանության էիք եկել ընդամենը նախորդների արածը նոր ավյունով ու ախորժակով շարունակելու համար, ինքներդ ձեզ հարց տալու փոխարեն, թե «այդ ո՞նց հաջողացրեցինք ընդամենը չորս տարում այնքան զզվացնել ժողովրդին, որ անգամ նախկին թալանչիների ետևից են գնում», դեռ մի բան էլ սպառնում եք՝ ոչինչ, մեր սխալը կուղղենք, բոլորի բիզնեսների մեջ փայ կմտնենք, բոլորին կհնազանդեցնենք, մի խոսքով՝ «կծեփենք պատերին, կփռենք ասֆալտին․․․»։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ