...

Մարդկանց մեկ երրորդը դեռ խումհարի մեջ է

Մարդկանց մեկ երրորդը դեռ խումհարի մեջ է

Հայաստանում «Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» պաշտոնական ներկայացուցիչը նոր հարցումներ էր անցկացրել, որոնց արդյունքներն առանձնապես մեծ հանրային արձագանքի չարժանացան, թեև որոշ թվեր պարզապես ապշեցուցիչ էին։ Օրինակ՝ հարցվածների 36,2 տոկոսը նշել է, որ իր ակնկալիքները հեղափոխությունից ամբողջովին կամ որոշ չափով արդարացել են։ Եվ սա՝ այն դեպքում, երբ «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հաղթանակից հետո համարյա ամբողջությամբ կորցրել ենք Արցախը, ոչնչացվել է մի ամբողջ սերունդ, վտանգված է Սյունիքը, «նախկին հանցավոր թալանչիները» հայտնվել են խորհրդարանում, նորերը ասֆալտի տենդերներ են շահում ու արաբական շեյխերին վայել կյանքով ապրում, ցանկացած կիսագրագետ պնակալեզ կարող է Նիկոլ Փաշինյանին քծնելով ստանալ ցանկացած աներևակայելի պաշտոն, իսկ նա ինքը տեղաշարժվում է հարյուրավոր թիկնապահների ուղեկցությամբ։ Այսինքն՝ այդ 36,2 տոկոսի ակնկալիքները հեղափոխությունից հենց սրա՞նք էին, այդպե՞ս էին իրենք պատկերացնում Հայաստանի ապագան։ Դեռ մի կողմ թողնենք այն 3,2 տոկոսին, որը հայտարարում է, թե իր ակնկալիքներն ամբողջովին են իրականություն դարձել (զոմբիների մոտավորապես այդպիսի տոկոս կարող է լինել ցանկացած հասարակությունում), բայց հետաքրքիր է՝ ի՞նչ է նկատի ունեցել ժողովրդի մեկ երրորդը, որ հայտարարել է, թե իր սպասելիքները որոշ չափով արդարացել են։ Այսինքն՝ Նիկոլը կարող էր ամբողջ բանակը ոչնչացնել, բայց որոշ չափո՞վ է ոչնչացրել, կարող էր ամբողջ Արցախը հանձնել, բայց որոշ չափո՞վ է հանձնել, թե՞ կարող էր զինվորներին նաև մանգո ու անանաս տալ, բայց միայն ելակ է տվել։

Այս հարցումների արդյունքները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ցույց են տալիս, թե մտավոր ինչ խորը դեգրադացիայի մեջ է մեր հասարակության մի զգալի հատվածը։ Միայն մի օրինակ բերենք։ Նույն հարցումների համաձայն, մարդկանց 33 տոկոսը գոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, բայց Ազգային ժողովի աշխատանքից գոհ է ընդամենը 16 տոկոսը։ Այսինքն՝ հասարակության 17 տոկոսը (իրականում սա ահռելի թիվ է) Նիկոլից գոհ է, իսկ Ազգային ժողովից՝ դժգոհ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ԱԺ քաղաքական մեծամասնության կազմն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանն է որոշել, ինքն է հատ-հատ ընտրել «ուսապարկերին», սրանք էլ ինչ ասես «բլթացնում են» ու ժամանակ առ ժամանակ ոհմակով հարձակվում ընդդիմադիրների վրա՝ վստահ լինելով, որ շեֆին դա դուր կգա (եթե դուր չգար՝ գոնե ձևի համար մի թեթև կկշտամբեր)։ Լավ, ինչպե՞ս կարող է մտածող մարդը չտեսնել այս պարզ իրողությունը։ Դա նույնն է, թե մեկը, էշին նստած, մեծ արագությամբ սլանա դեպի անդունդը, կողքից նայողներն էլ ասեն, որ իրենք հեծյալի բռնած ուղղությունը ճիշտ են համարում, էշինը՝ սխալ։ 

Իրականում այս ամենը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ հաջողվում է շարունակել խաբել հասարակության առնվազն մեկ երրորդին։ Ճիշտ է, անցել են այն «երանելի ժամանակները», երբ նա կարողանում էր խաբել 85-90 տոկոսին, բայց մեկ երրորդն էլ է ահռելի բարձր ցուցանիշ։ Ավելին՝ սա արդեն «նոր որակ» է, որովհետև նախկինում նա ամեն ինչի համար մեղադրում էր նախկիններին, իսկ հիմա անցել է նաև սեփական թիմին։ Ինքը լավն է, Ազգային ժողովը՝ վատը, ինքը ամեն ինչ ճիշտ է անում, «պետական ինստիտուտներն» են համը հանում, ինքը հերոս է, իսկ բանակը՝ վախկոտ, դատավորները՝ «վնգստացող», ժողովուրդը՝ ծույլ, և այսպես շարունակ։ 

Ու փաստորեն ժողովրդի մեկ երրորդը դեռ հավատում է սրան։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ