«ՉԻ»-ի զրուցակիցն է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը
- Պարոն Երիցյան, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզպետների մասին օրենքի նախագիծը, որով հստակեցվում է մարզպետների ազատման-նշանակման կարգը: Ի՞նչ կարծիք ունեք օրենքի նախագծի վերաբերյալ, արդյոք օրենքի անհրաժեշտություն կա և այն ի՞նչ կտա:
- Ես շատ մանրակրկիտ ծանոթ եմ խնդրին և նախագծին։ Արդեն 2 տարի շարունակ հենց Հայաստանի համայնքների միությունը և անձամբ ես տառացիորեն «աղաղակում» էինք «Տարածքային կառավարման մասին» օրենք ընդունելու խնդրի մասին։ Բանն այն է, որ օրենքն անհրաժեշտ էր ընդունել նախքան ՀՀ ներկայիս նախագահի երդմնակալության օրը, քանի որ այդ պահից մարզպետարանների և մարզպետների գործունեությունը կարգավորող ՀՀ առաջին նախագահի հրամանագրերն այլևս չեն գործում։ Փաստացի, վերջին մեկուկես տարում մարզպետներն ու մարզպետարանները գործել են առանց օրենսդրական կարգավորումների։
Օրենքի ընդունմամբ մարզպետների գործունեությունը պետք է վերադարձվի սահմանադրական շրջանակներ։ Սա միայն օրենսդրական խնդիր չէ, քանի որ գործնականում մարզպետները նախորդ իշխանությունների ժամանակ, իշխանափոխությունից հետո էլ իրավազանցում են սահմանադրական նորմերն ու տեղական ինքնակառավարման սկզբունքները, որոնք արտահայտվում են տեղական իշխանությունների գործերին միջամտություններով, ոչ իրավաչափ վերահսկողությամբ և այլն։
Հայաստանի համայնքների միությունը անցած տարվա և այս տարվա ընթացքում մշակել և ներկայացրել է մի քանի տասնյակ առաջարկներ, որոնցից շատերը տեղ են գտել նախագծում։ Մենք Միության շրջանակներում և քաղհասարկություն ու փորձագետների ներգավմամբ (նաև Հայաստանի շատ մարզերում) կազմակերպել ենք բազմաթիվ հանրային քննարկումներ։
Մեր առաջարկներն այնքան ծավալուն էին, որ կարելի է ասել օրենքի նախագիծը նաև մեր համահեղինակությամբ է, չնայած ՀՀ ՏԿԶՆ-ն առաջարկների ամփոփաթերթում չի ներառել մեր առաջարկները՝ չնայած պարտավոր էր։
Բոլոր դեպքերում, նախագիծը լավ առաջընթաց է, բայց դեռ թերի է։ Թերի է, օրինակ, այն առումով, որ փոփոխություններ պետք է արվեն նաև առնչվող օրենքներում։
Եթե մի փոքր պարզունակացնեմ, ապա այս օրենքով մարզպետների գործունեությունը պետք է բերվի սահմանադրական դաշտ՝ գրեթե զրոյացվելով նրանց որևէ առնչությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նրանք նույնիսկ կառավարության ու համայնքների միջև «փոստատարի» դեր չպետք է խաղան։
- Նախագծի քննարկումների ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը առաջարկեց մարզպետների պաշտոններն ընտրովի դարձնել: Համամի՞տ եք:
- Լիովին համաձայն եմ պարոն Միքայելյանի հետ։ Դա տեսլականն է, թե ինչպիսին պիտի դառնան Հայաստանի տարածաշրջանները։ Դա սահմանադրական բարեփոխումներ է ենթադրում։
Տարիներ շարունակ մենք ձևավորել ենք մեր կազմակերպության հավաքական դիրքորոշումը. Հայաստանում պետք է ներդնել բազմամակարդակ կառավարում։
Երկրի համաչափ զարգացման համար մարզերը պետք է ունենան ընտրովի մարմիններ և բյուջե, պետք է սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունք ունենան։ Դրանով երկրում, բացի Երևանից, կունենանք 10 «շարժիչ», որոնք կապահովեն երկրի զարգացումը բոլոր մարզերում։
Պարտադիր չէ, որ մարզպետն ընտրովի լինի (ցանկալի է), բայց պարտադիր է, որ մարզն ունենա ընտրովի ներկայացուցչական մարմին և բյուջե։
Իրականում երկրի վարչատարածքային բարեփոխումները պետք է այս մակարդակում անել, ոչ թե համայնքներն անհասկանալի չափանիշներով խոշորացնել։
- Երկու օր է՝ թեժ իրավիճակ է Արարատի մարզում: Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորաշենի համայնքապետին ազատել է աշխատանքից: Այսօր էլ համայնքում գործադուլ է: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Ես այս խնդրին էլ եմ ծանոթ։ Վերջին 1 տարում հաղորդակցության մեջ եմ եղել թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանիների հետ։ Խնդիրը կարելի էր հանգուցալուծել այլ ճանապարհով, այնինչ հրահրվեց կոնֆլիկտի զարգացում։
Ես արդեն կարծիք հայտնել եմ, որ փաստ է. համայնքի ղեկավարը ավագանու նիստեր հրավիրել է (մարզպետարանի կայքում առկա են արձանագրություններ), ուստի օրենքի ուժով համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը կրճատելու որևէ հիմք չկա, իրավաչափ չէ նաև ավագանու 4 անդամի արձանագրային որոշումը նիստի ապահովման իրավաչափության տեսանկյունից։ Այս ամենի հիման վրա մարզպետի կարգադրությունը իրավական ուժ չի կարող ունենալ։
Համայնքի ղեկավարն առանց երկմտելու կարող է առոչինչ համարել մարզպետի կարգադրությունը։ Եվ ոչ թե հեռացված համայնքի ղեկավարը պետք է դատարանի միջոցով փորձի իր իրավունքները պաշտպանել, այլ մարզպետը (եթե իր որոշումն իրավական է համարում) պետք է դատարանի միջոցով պարտավորեցնի համայնքի ղեկավարին կատարել այն։
Բայց լավագույն ճանապարն, իհարկե, գյուղում ներքին հաշտության գալն է։ Միգուցե համայնքի ղեկավարն ու բոլոր ավագանիները միաժամանակ վայր դնեն մանդատները՝ գնալով նոր ընտրության։
Պիտի փաստեմ, որ մարզպետի կողմից խնդրի թեժացում է նաև կողմներից մեկին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը։
- Կիրակի օրը մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ եղան: Կարելի է ասել, որ այն հնի և նորի պայքար էր: Ինչպե՞ս կգնահատեք արդյունքները:
- Հարցում հնչած գնահատականին արմատապես համաձայն չեմ։ Տեղական ընտրությունները կուսակցական երանգավորում չեն ունեցել ու չունեն։ Մարդիկ չեն ընտրում ՔՊ կամ նախկին ՀՀԿ, ուստի իշխող կուսակցության պարտություն կամ նման բան չկա։
Տեսանելի է, որ մարդիկ նաև համայնքային մակարդակում են փոփոխություններ ուզում, փաստ է նաև, որ քաղաքական լոզունգներով համայնքային ընտրություններ չեն լինում։
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոշորացման վերաբերյալ հայտարարեց, որ հանրաքվե անելու հնարավորություն է լինելու: Գիտենք, որ շատ համայնքներ դեմ են խոշորացմանը: Այս դեպքում, ի՞նչ եք կարծում խոշորացումը կշարունակվի:
- Նախկին իշխանությունների ժամանակ վերջին երկու խոշորացումները տեղի են ունեցել առանց բնակչության (համայնքների) լսված լինելու իրավունքի ապահովման։ Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը։
Համայնքների միավորման ժամանակ համայնքի բնակիչները չէ, որ պետք է իրենց լսված լինելու իրավունք ապահովելու համար ստորագրահավաք անեն կամ տեղական հանրաքվե նախաձեռնեն։ Ի դեպ, այդ հարցով համայնքի բնակիչների կողմից տեղական հանրաքվե անելը հակասահմանադրական կլինի։
Համայնքի լսված լինելու իրավունքը պետք է երաշխավորի ու ապահովի ՀՀ-ն՝ կառավարությունը և Ազգային ժողովը։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությամբ համայնքների միավորման ժամանակ համայնքի կարծիքը լսելը ՀՀ Ազգային ժողովի իմպերատիվ պարտավորությունն է։ Բնականաբար, դա կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով։
Մանյա Պողոսյան