...

Մավրը դեռ չի կատարել իր գործը

Մավրը դեռ չի կատարել իր գործը

Եվ այնուամենայնիվ ինչո՞ւ ընդդիմությունը «գնաց տուն»։ Թափով սկսել էին, ռեսուրսներ կարծես թե ունեին, համախմբման նման ինչ-որ բան կար, «Նիկոլի իշխանությանը հաշված օրեր էին մնացել», ու հանկարծ՝ վերջ, գնանք «մարտավարական փոփոխություններ անենք», մի երկու ամիս հետո կգանք։

Պատասխանը երևի կարելի է գտնել Ռուսաստանի արտգործնախարարի՝ Բաքվում արտասանած հիացական ելույթում։ Լավրովն ասաց ամենակարևորը՝ ամեն ինչ լավ է, խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը թափով առաջ է գնում, իրենք Ադրբեջանի հետ եղբայրներ են, Նիկոլ Փաշինյանն էլ պատրաստ է բանակցել փաստացի ադրբեջանական օրակարգի շուրջ։ Դե եթե պատրաստ է՝ էլ ի՞նչ կարիք կա Երևանի կենտրոնում գոռգոռալ «Նիկոլ, գնա՛»։ Ուրիշ բան, եթե համառեր։ Բայց «հավաքական Արևմուտքը» կարծես թե Հարավային Կովկասը ժամանակավորապես հանձնել է Ռուսաստանին (նույնիսկ Վրաստանը, որ Ուկրաինայի և Մոլդովայի հետ նույն հարթության վրա էր, տարանջատվեց և Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չստացավ)։ Այսինքն՝ այս տարածաշրջանում «ասողը» Ռուսաստանն է, Նիկոլն էլ համակերպվել ու ականջները կախ լսում է, հետևաբար՝ ընդդիմության կարիքն առայժմ չկա։

Իսկ ինչպե՞ս է թափով առաջ գնում խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Սահմանազատման-սահմանագծման հարցում ամեն ինչ պարզ է․ Ռուսաստանը կողմերին «կոնկրետ առաջարկներ է ներկայացրել» (ենթադրաբար՝ կոնկրետ քարտեզներ) և ակտիվորեն մասնակցելու է սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին։ Այսինքն՝ ամեն անգամ որևէ «ամայի սար» Ադրբեջանին թողնելու դիմաց մեր հաշվին այդ երկրից որևէ բան է կորզելու, իսկ ռուսներին ոչ Նիկոլն է համարձակվելու հակաճառել, ոչ ընդդիմությունը։ Ճանապարհների ապաշրջափակման դեպքում էլ ըստ երևույթին գործելու է հետևյալ սխեման․ «թղթի վրա» ճանապարհները լինելու են մեր սուվերենության ներքո, բայց փաստացի գործելու են միջանցքային տրամաբանությամբ։ Ավտոմոբիլային ճանապարհները զերծ են լինելու «անհարկի խոչընդոտներից» (պարզ ասած՝ ադրբեջանական մեքենաները ՀՀ տարածքով անցնելու են ռուսների ուղեկցությամբ, մեր ոստիկանությունն ու այլ կառույցներն էլ իրավունք չեն ունենալու կանգնեցնել դրանք)։ Մոտավորապես նույնն էլ՝ երկաթուղու դեպքում։ 

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ պատկերն ավելի հստակ է։ Ռուսներին պետք է, որ Արցախը բոլոր առումներով լինի Ադրբեջանի կազմում, այսինքն՝ գազը, հոսանքը և այլն ստանա Ադրբեջանից, այնտեղ շրջանառվի ադրբեջանական մանաթը, բայց՝ բնակիչները լինեն հայեր, իրենք էլ ապահովեն նրանց անվտանգությունը։ Հենց այդ ծրագիրն էլ արագորեն իրականացվում է․ նոր ճանապարհի շինարարության ավարտից հետո Բերձորի ու հարակից հայկական գյուղերի բնակչությանը ստիպելու են դուրս գալ, ու ռուսները կարծես թե դեմ չեն, ՀՀ իշխանություններն էլ դա կանխելու հնարավորություն չեն տեսնում։ Ավելին՝ գիտեն, որ այդ ծրագրի իրականացման դեպքում Արցախը կհայաթափվի, բայց համարում են, որ դա արդեն ռուսների պրոբլեմն է, «իրենց պետք է, որ այնտեղ հայեր ապրեն՝ ուրեմն թող իրենք էլ ոնց ուզում են ապահովեն դա»։ 

Իսկ ընդդիմության հաշվարկը հասկանալի է։ Այդ ծրագրի իրականացումն ամիսներ կտևի, բնականաբար՝ Բերձորի հայաթափումն ահավոր «էմոցիոնալ ֆոն» կստեղծի, զուգահեռաբար Ադրբեջանը բախումներ կհրահրի ու տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցման հայտը կամբողջացնի, ու Հայաստանում իշխանափոխության երկրորդ հնարավորությունը կստեղծվի։ Այստեղից էլ՝ «մարտավարության փոփոխությունը»։ Մնացածը հեքիաթներ են։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ