...

Մենք ձեզ ամեն օր կգովենք

Մենք ձեզ ամեն օր կգովենք

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ»:

«ՉԻ». Մեր դատական համակարգը աշխարհում լավագույնն է: Այստեղ են աշխատում աշխարհի ամենաարդար դատավորները: Դատարանների վճիռները մաքսիմալ օբյեկտիվ են, պրոֆեսիոնալ, գրագետ ձևակերպված: Դատավորներն իրենց գործունեության ընթացքում բացարձակապես անկախ են և չեն տրվում որևէ ճնշման՝ լինի իշխանության, թե ընդդիմության կողմից: 

Հիմա որ այսքանը գրեցինք, դրանից դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը ավելանալո՞ւ է: Կամ դատական համակարգը դառնալո՞ւ է ավելի կայացած: Եթե իմանանք, որ այդպես է, պատրաստ ենք ամեն օր փառաբանել դատական իշխանությանը:

Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք՝ ինչպիսի լուրջ խնդիրներ կան՝ կապված դատական համակարգի հետ, որ այնտեղ բազմաթիվ դատավորներ կան, որոնք տարիներ շարունակ ապօրինի վճիռներ են կայացրել, իշխանությունների պատվերներն են կատարել: Եթե այս ամենը դեռ չի փոխվել, բարեփոխվել, հանրային վստահությունը ո՞նց կարող է բարձր լինել:

Կամ ինչպե՞ս ենք որոշում՝ դատական համակարգի հանդեպ քննադատությունը անհավասարակշի՞ռ է, թե՞ ոչ: Եթե խոսքը վերաբերում է հայհոյանքներին, ապա դրա համար նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն: Մնացածը՝ որքան էլ սուր քննադատություն լինի, պետք է ի գիտություն ընդունել և միայն գործով ապացուցել, որ նման քննադատությունը տեղին չէ, օբյեկտիվ չէ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ