...

Մուննաթապետություն

Մուննաթապետություն

Իշխանություններն այս անգամ մուննաթի հերթական չափաբաժինը բաց թողեցին Ալեն Սիմոնյանի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը նրա շուրթերով մուննաթ եկավ մեր գերիների վրա՝ թե ինչո՞ւ պիտի ձեր պատճառով Ադրբեջանը մեզ վրա ճնշումներ գործադրի, ձեզ ո՞վ էր ասում գերի ընկնեք, դրա համար էլ հիմա դուք մեզ համար էղած-չեղած՝ մի հաշիվ եք։

Այս հայտարարությունը շատերին է շոկի մեջ գցել, մինչդեռ թվում է, թե մեր ժողովուրդը վաղուց արդեն պիտի սովորած լիներ նման այլանդակություններին։ Ի վերջո առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանն աջուձախ բոլորի վրա մուննաթ է գալիս, դա, կարելի է ասել, նրա պահվածքի ու հոգեվիճակի ամենաբնորոշ գիծն է։ Դեռևս ընդդիմադիր ժամանակ՝ իր պուճուրիկ կուսակցությամբ ընտրություններին մասնակցելիս, նա մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, որ իրեն ձայն չեն տալիս, ու արդյունքում «հանցավոր ռեժիմը վերարտադրվում է» (թեև անձամբ ինքը դեմ չէր այդ նույն հանցավոր ռեժիմի քաղաքական սխեմաներում տաքուկ տեղավորվելուն), բայց մուննաթը նրա հիմնական գործելաոճը դարձավ միայն իշխանության գալուց հետո։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մուննաթ գալիս Արևմուտքի վրա, որ ահա ինքը թավշյա հեղափոխություն է արել, բայց ֆինանսական աջակցությունը բավարար չէ։ Հետո մուննաթ էր գալիս սոցիալապես անապահով խավի վրա, թե «աշխատանք չունեք՝ ոչխար պահեք, ինձանից ի՞նչ եք ուզում», ավելի ուշ՝ «չեք ուզում պատվաստվեք՝ ջանդամը պատվաստվեք, գնացեք կոտորվեք», և այսպես շարունակ։ 

44-օրյա պատերազմի ժամանակ մուննաթի չափաբաժինը հասավ գագաթնակետին։ Մուննաթ Իսրայելի վրա՝ «ձեր օգնությունը մեզ պետք չի, հիմա ասել էի, թե ուր կոխեք», մուննաթ Եվրոպայի վրա՝ «ջանդամին օգնեք, չեք օգնում՝ Վիեննայի պատերի տակ կդիմադրեք թուրքերին», մուննաթ Ռուսաստանի վրա՝ «ձեր միջնորդությունը ձեզ պահեք, մեզ այդ պայմաններով կրակի դադարեցում պետք չի», մուննաթ սեփական ժողովրդի վրա՝ «Սփյուռքում հայրենասիրությունը եռում է, դուք անտարբեր եք» (կարծես իրենց իշխանությունը չէր պատերազմի օրերին կոչ անում ավելի ակտիվորեն օգտվել ռեստորաններից ու սրճարաններից), և այլն։

Հիմա էլ Ալիևի վրա են մուննաթ գալիս, թե բա նրա հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մեզ համար անսպասելի էր, մենք այդպես չէինք պայմանավորվել։ Լո՞ւրջ։ Այսինքն՝ կարծում էիք, որ Ադրբեջանը պահպանելո՞ւ է պայմանավորվածությունները։ Թե՞ մուննաթը նաև Ռուսաստանին է ուղղված՝ իբր «չհասկացա, էս ինչե՞ր են խոսում, էս ինչի՞ դրանց գլխին չեք բամփում»։ 

Բայց մուննաթը քաղաքական կատեգորիա չէ։ Դա ընդամենը լեզվակռվի հնարք է, որով կարելի է, ասենք, բանավեճում դիմացինի «պորտը տեղը դնել», ներքաղաքական պայքարում շահել ընտրազանգվածի (ոչ թե հասարակության, այլ հենց զանգվածի) համակրանքը, թաղային ռազբորկաների ժամանակ խուսափել ծեծ ուտելուց և այլն, բայց միջպետական և միջազգային հարաբերություններում աջուձախ բոլորի վրա մուննաթ գալը միայն ծիծաղ է առաջացնում, լավագույն դեպքում՝ խղճահարություն։ Ընդ որում՝ խղճահարություն ոչ թե անարդարությունից տուժածի նկատմամբ, այլ ժողովրդի հանդեպ, որ այդպիսի անուղեղ իշխանություններ ունի։ Միայն այդպիսի անուղեղ իշխանություններին կարող է թվալ, որ եթե իրենց հաջողվել է սիրուն ճառերով խաբել սեփական ժողովրդին ու հասնել իշխանության, ուրեմն նույնը կարելի է անել նաև միջազգային ասպարեզում՝ «ի վերջո միջազգային կառույցներում էլ են, չէ՞, հարցերը քվեարկությամբ որոշվում, դե ի՞նչ ա պատահել, սիրուն-սիրուն ճառեր կասենք՝ մեր օգտին կքվեարկեն»։

Իսկ եթե չստացվեց՝ ոչինչ։ Մուննաթ կգանք ամբողջ աշխարհի վրա, որ նրանց համար «նավթն ավելի կարևոր էր, քան մեր զավակների արյունը»։ Կարևորը՝ որ մուննաթի օբյեկտը գտնվի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ