...

Մտավորականներն իրավացի են, բայց ո՞ւր է «միասնական պայքարը»

Մտավորականներն իրավացի են, բայց ո՞ւր է «միասնական պայքարը»

Մայիսի 26-ին 190 մտավորականներ կոչ են հրապարակել, որում կետ առ կետ ներկայացրել են իշխանությունների քառամյա գործունեության աղետալի հետևանքներն ու նորանոր սպառնալիքները, և հանդես եկել ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի։ Կոչը բաց է միանալու համար, և դրա տակ ստորագրածների թիվը կարող է ավելանալ, բայց առանցքային հարցն այլ է․ իսկ ո՞ւր է «համաժողովրդական միասնական պայքարը»։ 

Համաձայնվեք՝ այն, ինչ արդեն ավելի քան մեկ ամիս տեղի է ունենում Երևանի փողոցներում, «համաժողովրդական միասնական պայքար» ձևակերպմանը չի համապատասխանում։ Ամեն օր մի քանի հարյուր կամ մի քանի հազար ցուցարարներ, որոնց կորիզը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Դաշնակցության աջակիցներն են, բողոքի ակցիաներ են կազմակերպում, փողոցներ փակում, պետական հիմնարկներ շրջափակում, կարգախոսներ վանկարկում ու գնում տուն։ Ընդ որում՝ հանրահռչակված միակ կոնկրետ անելիքը «Նիկոլին ռադ անենք, մենք գանք իշխանության»-ն է, մնացածը ցանկությունների կամ բարեմաղթանքների ժանրից է։

Հիմա վերադառնանք մտավորականների կոչին։ Կասկած չկա, որ նրանց բացարձակ մեծամասնության մտահոգություններն ու ձգտումներն ազնիվ են։ Կասկած չկա նաև, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության քառամյա աղետաբեր գործունեության գնահատականը միանգամայն տեղին է, դեռ մի բան էլ՝ մեղմ է ասված։ Ճշգրիտ է նաև այսօր երկրում տիրող իրավիճակի, անվտանգային ու բարոյական աղետի գնահատականը։ Բայց տրամաբանական կլիներ, եթե այդ ամենն արձանագրելով՝ մտավորականները հանդես գային ոչ թե ի պաշտպանություն գոյություն չունեցող «համաժողովրդական միասնական պայքարի» (ինչպե՞ս կարելի է պաշտպանել մի բան, որը փաստացի գոյություն չունի), այլ արձանագրեին նման պայքար սկսելու անհրաժեշտությունը։ Ու նաև փորձեին վերլուծել և հասարակությանը բացատրել, թե ի՞նչն է պատճառը, որ անգամ այս աղետները տեսնելով՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն հեղեղում փողոցները։ 

Վերջին հաշվով՝ մտավորականության դերն այս կամ այն քաղաքական ուժին աջակցելը չէ, առավել ևս՝ եթե այդ ուժը կոնկրետ նպատակներ և դրանց հասնելու կոնկրետ ուղիներ չի մատնանշում։ Մտավորականության դերն առաջին հերթին գաղափարներ գեներացնելն է, խնդիրներ ձևակերպելն ու հասարակության գիտակցության մակարդակը բարձրացնելը, իսկ կոնկրետ քաղաքական գործընթացներում՝ «հասարակ ժողովրդին» պոպուլիստական արկածախնդրություններից պաշտպանելը։ Մտավորականությունը պիտի ոչ թե աջակցի պոպուլիստների այս կամ այն խմբակին (կապ չունի՝ «նիկոլականների՞ն», թե՞ «ռոբադաշնակներին»), այլ հասարակության մեջ իմունիտետ ձևավորի ցանկացած պոպուլիզմի դեմ։ Համաձայնվեք՝ եթե մտավորականները ժամանակին իրենց այդ առաքելությունը պատշաճ իրականացրած լինեին, ոչ 2018-ի թավշյա խեղկատակությունը կլիներ, ոչ էլ այս փնթի արկածախնդիրների բերած աղետը։

Հակառակ դեպքում մտավորականներն ընդամենը ներքաղաքական քարոզչական պատերազմի սովորական բաղադրիչ են դառնում՝ օգտագործվելով արկածախնդիր պոպուլիստների տարբեր խմբակների կողմից, ու դրանով իսկ կիսում են պատասխանատվությունը հետագա անխուսափելի աղետների համար։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   13686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ