...

Նիկոլ Փաշինյան․ Անվտանգության համակարգի 5-րդ անիվը (կամ «պակռիշկեն»)

Նիկոլ Փաշինյան․ Անվտանգության համակարգի 5-րդ անիվը (կամ «պակռիշկեն»)

Մոտ երկուսուկես տարի շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման հիմնական թեման մոտավորապես սա էր՝ «ի վերջո այսօրվա ծանրագույն վիճակն իշխանությունների հիմարությա՞ն, թե՞ դավաճանության հետևանք է»։ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում վերջ տվեց այդ քննարկումներին։ Մոտ չորս ժամ շարունակ նա ներկայացրեց մեր ծանրագույն վիճակն ու զուգահեռաբար ցույց տվեց, որ հիմար չէ։ 

Երևի ժամանակն է, որ թիմակիցները Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տան կամ ընդհանրապես հրապարակային ելույթներ չունենալ, կամ հարցերին պատասխանել միայն փաստաբանի ներկայությամբ։ Որովհետև, ինչպես հոլիվուդյան ֆիլմերի ոստիկաններն են զգուշացնում, նրա արտասանած ցանկացած խոսք դատարանում կարող է օգտագործվել իր դեմ։ Բայց Նիկոլ Փաշինյանը երևի վստահ է, որ դատարանում չի հայտնվելու (միանգամից «գնդակահարության պատի տակ»՝ գուցե, բայց հաստատ՝ ոչ դատարանի որոշմամբ), դրա համար էլ խոսելուց առաջ իր ասածների քրեաիրավական հետևանքների մասին առանձնապես չի մտածում։ Իսկ այդ իմաստով նրա երկարաշունչ ասուլիսի առանցքային ֆրազն այն էր, որ խոսելով ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության համակարգի մասին, նա արձանագրեց, որ փաստորեն այդ համակարգը չաշխատեց, հետո էլ ավելացրեց, թե ճիշտն ասած՝ իրենք նախապես լավ էլ գիտեին, որ չի աշխատելու։

Հասկացա՞ք։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա իրավիճակը ներկայացնում էր այնպես, թե արտաքին քաղաքականությունը կառուցել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հույսեր է կապել անվտանգության այդ համակարգի հետ, բայց իր հաշվարկները սխալ են ստացվել, որովհետև այդ կառույցն իր պարտավորությունները չի կատարել։ Ու հիմա հանկարծ ասում է՝ «ես գլխանց գիտեի, որ չի կատարելու»։ Պարզ ասած՝ ոչ թե «ես ավտոն քշում եմ, ու հանկարծ պակրիշկեն թռնում ա», այլ «ես լավ էլ գիտեի, որ պակրիշկեն թռնելու ա, բայց մեկ ա՝ քշեցի»։ Տարբերությունը, համաձայնվեք, էական է, իսկ հանցանքը՝ շատ ավելի ծանր։

Միայն թե չասեք՝ «պակռիշկայի օրինակով» նա ոչ թե ՀԱՊԿ-ի մասին էր խոսում, այլ հայկական բանակի։ Նախ՝ հայկական բանակը մեր «անվտանգության համակարգ» կոչվող մեքենայի նույնպիսի «անիվը» պիտի լիներ, ինչպիսին ՀԱՊԿ-ին անդամակցելն է (ո՞վ է ասել, որ այդ մեքենան ընդամենը մի անիվ պիտի ունենա), և երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի մասին էլ է նույն տրամաբանությամբ խոսում, իբր՝ «30 տարի գիտեինք, թե մարտունակ բանակ ունենք, բայց սխալ գիտեինք»։ Լավ, ենթադրենք՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բանակի իրական վիճակը լավ չգիտեր (հիշո՞ւմ եք՝ պահածոների դատարկ տուփերով «կահավորված» դիրքերի մասին էր խոսում), բայց 44-օրյա պատերազմն իր վարչապետության հաջորդ օրը չի սկսվել, երկուսուկես տարի անց է սկսվել, այդ ընթացքում չէ՞ր կարող ուսումնասիրել վիճակը, հասկանալ, որ «պակրիշկեն թռնելու ա», ու «նոր պատերազմ-նոր տարածքներ» թեմայով հոխորտալու փոխարեն մտածեր խնդիրը կարգավորելու մասին։ Իսկ հիմա եկել ու բաց տեքստով հայտարարում է, թե լավ էլ գիտեի, որ մեր բանակը թույլ է, լավ էլ գիտեի, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչնչով չի օգնելու և նույնիսկ խանգարելու է, բայց դե ես հո դավաճա՞ն չեմ, որ թուղթ-բան ստորագրեմ, մտածեցի՝ բա մեր դո՛ւխը, բա մեր Սարդարապա՛տը, բա մեր չուլաններում պահած զրահաբաճկոննե՛րը, ավելի լավ է փորձենք, բալքիմ մի բան ստացվի։ Ես ի՞նչ իմանայի, որ բանակում 5-րդ շարասյուն կա, ԱԱԾ-ն չի բացահայտում, որովհետև այնտեղ էլ 6-րդ շարասյուն կա, ընդդիմությունը մեր պարտությունն է ուզում, որովհետև այնտեղ էլ 7-րդ շարասյուն կա․․․ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Հետաքրքիր է՝ եթե օրենքը պետական անվտանգության նկատառումներով Նիկոլ Փաշինյանին արգելում է առանց թիկնապահների շրջել, չի՞ կարելի այդ նույն օրենքով և նույն նկատառումներով նրան արգելել հրապարակային ելույթներ ունենալ։ Առանց հեգնանքի ենք հարցնում, ամենայն լրջությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ